700 հազար դրամանոց շինարարությունը կռիվ է գցել Գյումրիի քաղաքապետարանի ու ավագանու միջև

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ցուցասրահի վերանորոգմանը զուգահեռ կրքերը չեն հանդարտվում, թե պատմամշակութային շինության դռներն ինչու են հանվել, ինչու մրցույթ չի հայտարարվել, կասկածներ կան նաև գումարի արդյունավետ ծախսի առնչությամբ:

Ավագանու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը պնդում է, թե հանցագործություն է տեղի ունեցել, քանի որ վերանորոգումն իրականացվում է առանց կրթության նախարարության և քաղաքաշինական հանձնաժողովի թույլտվության. - «Նման կարգի օբյեկտներում պետք է ներկայացվի ճարտարապետներին էսքիզ, նախագիծ, պետք է էդ ամեն ինչը հաստատվի։ Թեկուզ ներքին հարդարման աշխատանքները հաստատումից հետո նոր կատարվեն։ Էս մասերով է օրենքի խախտում էղել»։

Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հերքում է, թե առանց թույլտվության են վերանորոգում գյումրեցի անվանի գրողի տունը, որտեղ նա ընտանիքով ապրել է 40-50-ական թվականներին. - «Փոփոխությունները կատարվում են բացառապես ցուցասրահում, և այդ փոփոխությունները իրենցից չեն ենթադրում հատակագծի, ներքին ծավալային բաշխման կամ շենքի պատմամշակութային, ճարտարապետական տեսքի որևէ խեղաթյուրում և ձևափոխում։ Ըստ այդմ՝ լրացուցիչ թույլտվությունների անհրաժեշտությունը թեական է։ Այնուհանդերձ հարցը դրված.է քաղաքաշինական խորհրդի նիստին, գրավոր դիմում է ներկայացված մոտ տասը օր առաջ։ Ի մասնավորի, դռների հարցով, կարող ենք սպասել նաև այդ եզրակացությանը։ Մնացյալն ընդամենը կատարվել է վերանորոգման աշխատանք, որը կապ չունի մեմորիալ հատվածի հետ, արվում է ցուցասրահում , և որևէ կերպ օրենքի հետ հակասության մեջ չէ»։

Վերանորոգո՞ւմ, թե՞ վերականգնում

Ավագանու ընդդիմադիր Զարթոնք խմբակցության անդամ Սվետլանա Ադամյանը հենց այս հարցն է բարձրացրել ավագանու նիստում։ Ընդգծում է՝ թանգարան պատմամշակության շինություն է, հաշվառված է պատմական «Կումայրի» արգելոցում, հետևաբար վերականգնողական աշխատանքներ կարող են իրականացնել միայն լիցենզավորված մասնագետները. - «Եթե ինչ-որ տեղ, ասենք, վնասված է, պիտի վերականգնվի, ոչ թե վերանորոգվի։ Իսկ վերականգնողները պիտի ունենան հատուկ արտոնագրեր։ Իհարկե մտահոգություն է, որովհետև ցանկացած վերանորոգող չի կարող վերականգնել առանց արտոնագրի»։

Այնինչ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են առանց մրցույթի։ Թե որ կազմակերպություն է իրականացնողը, մշակույթի բաժնի պետը չգիտեր, թանգարանի տնօրեն արձակուրդում է, պաշտոնակատարն էլ տեղում չէր:

Ընդդիմադիր Սվետլանա Ադամյանը նաև քաղաքային բյուջեից հատկացված գումարի վերահսկողության խնդիր է տեսնում. - «Ո՞վ է վերահսկում թանգարանին փոխանցված գումարը, և աշխատանքի որակը ո՞վ է վերահսկում, եթե այս պահին քաղաքում չէ թանգարանի տնօրենը»։

Արման Բաղդասարյանը մեկ այլ խախտման մասին է բարձրաձայնում, որ նորոգման աշխատանքները սկսելուց հետո է միայն ավագանու նիստում գումարը հատկացվել, ֆինանսական նախագիծն էլ թերի է եղել. - «Աշխատանքները սկսվել են դեռևս հոկտեմբերի 12-ին, ավագանին որոշում է, որ պետք է գումար հատկացվի էս նորոգման համար հոկտեմբերի 14-ին»։

Լիլիթ Թովմասյանը հակադարձում է, որ ավագանու նիստի նախագծում նախահաշիվն առկա է եղել: Ասաց նաև, թե դեռ պարզ չէ՝ վերանորոգումից հետո հի՞ն դռները կդնեն, թե՞ նորը։ Պաշտոնյան աղմուկի իմաստը չի հասկանում. - «Աղմուկը անտեղի է, փոթորիկ մեկ բաժակ ջրում, և չունի հանրային հնչեղության այն հիմքը, որը կարող էր ունենալ»։

Այս աղմուկին զուգահեռ թանգարանը պատրաստվում է գյումրեցի Մեծ վարպետի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 30-ին նոր ցուցադրությամբ ներկայանալ։