Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մնացել է ճիշտ մեկ ամիս, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ազդարարել է հետհաշվարկը գրանցող հատուկ ժամացույցը:
Առաջնությունը մեկնարկելու է Ալ Խոր ավանի «Ալ Բայթ» մարզադաշտում տան տերերի՝ Քաթարի և Էկվադորի ազգային ընտրանիների խաղով:
Առաջնության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Դոհայում՝ «Լուսայիլի» մարզադաշտում՝ դեկտեմբերի 18-ին: Աշխարհի գավաթի համար են պայքարելու 32 հավաքականներ:
Այս առաջնությունը կլինի առաջինը, որն անցկացվելու է Մերձավոր Արևելքում: Միջազգային համայնքի հեղինակավոր լիդերներ և իրավապաշտպան կազմակերպություններ խստորեն քննադատել են ՖԻՖԱ-ին առաջնության անցկացումը Քաթարին վստահելու համար:
Քննադատները նշել են, որ Քաթարում ոտնահարում են մարդու իրավունքները, հալածում են մամուլի ազատության ակտիվիստներին և աշխատանքի անտանելի պայմաններում են շահագործում օտարերկրացի բանվորներին:
Guardian բրիտանական պարբերականը 2021 թվականի փետրվարին գրել է, թե Քաթարում 2010 թվականից ի վեր զոհվել են 6 հազար 500 միգրանտ աշխատողներ Հարավային Ասիայից: Քաթարի իշխանությունները հերքում են մեղադրանքը:
Ֆուտբոլի աշխարհի ներկայիս չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է, որը 2018 թվականին Ռուսաստանում անցկացված վերջին առաջնության եզրափակիչում 4-2 հաշվով հաղթել է Խորվաթիայի ընտրանուն:
Ուկրաինայի դեմ պատերազմ սկսած Ռուսաստանը զրկվել է ֆուտբոլի և բազում այլ մարզաձևերի միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից: