Մարիա Զախարովա. «ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին օգնելու հարցը»

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, թե մոտ ապագայում տեսակապով կայանալիք ՀԱՊԿ Խորհրդի արտահերթ նիստում պետությունների ղեկավարները կքննարկեն համատեղ միջոցներով Հայաստանին օգնելու որոշման նախագիծը:

«Ենթադրվում է, որ անդամ երկրների ղեկավարները կամփոփեն Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության աշխատանքի արդյունքները և կքննարկեն համատեղ միջոցներով Հայաստանի Հանրապետությանն օգնելու առաջարկները»,- հայտնել է Զախարովան:

Հայաստանի ղեկավարները վերջերս տարբեր առիթներով նկատել են տվել, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի և, մասնավորապես, Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի բանակի ներխուժման կապակցությամբ ավելի գործնական, արագ և արդյունավետ արձագանք են ակնկալել ՀԱՊԿ-ից:

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդների առաքելություն գործուղել հայ-ադրբեջանական սահման, բայց դրա համար ՀԱՊԿ-ի Խորհրդի որոշում է պետք: