Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր պատմել է մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած վտանգավոր միջադեպի մասին:
Նա ասել է, որ Су-27 տեսակի ռուսական մարտական ինքնաթիռը հրթիռ է արձակել միջազգային օդային տարածքում թռիչք կատարող RC-135 Rivet Joint բրիտանական հետախուզական օդանավի մոտակայքում:
Ուոլեսն այդ միջադեպի հարցը քննարկել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Սև ծովի շրջանում: Ըստ Ուոլեսի, ռուսները պարզաբանել են, թե հրթիռն արձակելու միտում չի եղել, և միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով:
Ուոլեսի փոխանցմամբ, դրանից հետո բրիտանացիները դադարեցրել են թռիչքները և իրենց մտահոգություններն են փոխանցել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Շոյգուն հոկտեմբերի 10-ին պատասխանել է, որ միջադեպի հարցով կատարվել է ծառայողական քննություն և պարզվել է, որ միջադեպի պատճառը տեխնիկական է»,- ասել է Բեմն Ուոլեսը: