Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ առայսօր չի մերվում պատերազմի փաստի հետ: Զրուցելով CTV կանադական հեռուստաընկերության թղթակցի հետ, նա ասել է, որ ինքն իրեն արգելում է ցավն ու սպանությունները սովորական համարել:
«Չեմ ուզում ապրել պատերազմը, տառապանքները, մահն ու ցավը, պատերազմը սովորական համարելով, ինձ ամեն օր եռանդ է պետք հաղթանակի մասին մտածելու համար, ես ուզում եմ մարդ մնալ», - ասել է Զելենսկին:
Ռուսաստանը սաստիկ հրթիռակոծություններով և անօդաչուների գրոհներով հարվածներ է հասցնում Ուկրաինայի ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերին: Արևմուտքը հայտարարում է, որ այդպես ռուսները ցանկանում են ձմռան շեմին ահաբեկել շարքային բնակիչներին:
Ուկրաինայի նախագահը հարցազրույցում ասել է նաև, թե մերժում է տարածքներ զիջելու եղանակով ռուսների հետ հաշտության հասնելու հնարավորությունը:
«Ռուսները չեն հասկանում, որ ես չեմ կարող առևտուր անել մի բանով, որն իմը չէ, այս հողերը ոչ իմն են, ոչ էլ որևէ նախագահինն ինձնից առաջ կամ հետո: Այս հողերն Ուկրաինայի ժողովրդինն են, գալիք սերունդներինն են»,- ասել է Զելենսկին:
Նա խոսել է նաև պատասխանատվության և արդարության կարևորության մասին, ասելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ կպատահի Վլադիմիր Պուտինի հետ:
«Չեմ ուզում խառնել «խաղաղություն» և «պատասխանատվություն» հասկացությունները: Հարազատին կորցրած մարդու համար միայն խաղաղությունը բավական չէ: Պատերազմի հանցագործությունների համար մեղադրվող բոլոր անձինք պետք է պատասխան տան»,- ասել է Վլադիմիր Զելենսկին: