Եթե ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացման անհրաժեշտություն լինի, «խնդիրն ավելի խորը կուսումնասիրվի»

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Գեղարքունիքի մարզում, 19-ը հոկտեմբերի, 2022թ․

Եթե Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետի երկարացման անհրաժեշտություն լինի, խնդիրն ավելի խորը կուսումնասիրվի, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով քննարկումներին, թե առաքելության ժամկետը կա՛մ պետք է երկարացվի, կա՛մ դարձվի մշտական։

Վարչապետը միևնույն ժամանակ շեշտեց՝ համոզված չէ, որ այս պահին դրա անհրաժեշտությունը կա։

Գործադիրի ղեկավարը ողջունեց առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ շեշտելով՝ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել։

«Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, աշխատում է։ Հիմնական խումբը՝ 40 հոգուց բաղկացած, առաջիկայում կժամանի Հայաստան։ Ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը։ Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել այն դարձնել մշտական, ես համոզված չեմ դրանում, բայց թեմա է, որ քննարկվում է, եթե տեսնենք նման անհրաժեշտություն, ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը», - ասաց վարչապետը։

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ: Անցած շաբաթավերջին Հայաստան է ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը, իսկ չորս տասնյակ դիտորդները կժամանեն մինչև ամսվա վերջ: Հայաստան ժամանող քաղաքացիական առաքելությունը ժամանակավոր է և սահմաններին կմնա ոչ ավելի քան երկու ամիս։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը հուսով է՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կնպաստի երկարատև խաղաղությանը