ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզի Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ, որ տուժել են սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, ֆեյսբուքում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նաև լուսանկարներ հրապարակել։
Պատվիրակությանը ներկայացվել է Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ են կրել Սոթք և Կութ բնակավայրերը, գրել է Գեղարքունիքի մարզպետը՝ շեշտելով՝ 148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։
«Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը», - մասնավորապես գրել է մարզպետը։
Նրա խոսքով՝ ԵՄ պատվիրակության անդամներին է ներկայացվել նաև զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների մասին։
Մարզպետը նշել է, որ դիտարկումներն իրականացվել են չափիչ սարքերի միջոցով։
«ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրին, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ», - գրել է մարզպետը։
Միության դիտորդների նախնական խումբն օրեր առաջ է ժամանել Երևան։ Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը հաստատեց Հայաստանում դիտորդական առաքելությունը