Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստը Ղրղըզստանում, 26-ը օգոստոսի, 2022թ․

Հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Նիստը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունել են ԵԱՏՄ վարչապետերը Ղրղըզստանում՝ Չոլպոն-Աթա ավանում օգոստոսի 26-ին կայացած նիստում: Հավաքին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Բացի այդ, առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկա է եղել Ադրբեջանի վարչապետը: