Երկու որդի կորցրած ամուսինների երրորդ որդին հաշվառվել է որպես երկրորդ երեխա

Չափահաս երկու որդիներին կորցնելուց հետո սահմանամերձ Արենի գյուղում ապրող Մաթևոսյանների ընտանիքում այս տարի նորածնի ճիչ է լսվել. 54-ամյա ամուսինները փոխնակ մոր միջոցով երրորդ երեխան են ունեցել։

Տիգրանն արդեն ինը ամսական է։ Դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ երրորդ երեխայի համար սահմանված մեկ միլիոն դրամ նպաստը ստանալու։ Բայց պարզվել է, որ պետական փաստաթղթերով փոքրիկը հաշվառվում է որպես երկրորդ երեխա, քանի որ 2016-ին բանակում ավտովթարից մահացած Մաթևոսյանների որդուն նախարարությունը չի հաշվառել որպես առաջին երեխա։

«Հիմա իմ ամենակարևոր խնդիրն էն ա, որ իմ էրեխեն չի համարվում երրորդ էրեխա։ Ո՞ր մի ծնողին ասես՝ քո էրեխեն, որ արդեն իրեք տարին լրացել ա, էլ քու էրեխեն չի։ Էդ օրենքը ընդունողը ինքը զավակ կորցրե՞լ ա...», - տարակուսում է տիկին Մաթևոսյանը։

Օրենքը կոչվում է «Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ», - ասում է նախարարության պաշտոնյաներից Անահիտ Գալստյանը՝ ընդգծելով, որ 2014-ին ընդունված օրենքը 2016-ի քառօրյայից հետո դեռ խմբագրվել է, հակառակ դեպքում, օրինակ, տիկին Նաիրայի ինն ամսական երեխան առհասարակ կհամարվեր ոչ թե երկրորդ, այլ առաջին երեխան։ Գալստյանի խոսքով՝ ինքը հասկանում է ծնողի ապրումները, բայց իրենք օրենքով են առաջնորդվում. - «Ասենք, ինչ-որ մի ծնող բալիկ է ունենում, օրինակ, 22 թվականի հոկտեմբերի18-ին։ Երեք տարի հետ ենք գնում՝ 2019 թվականի հոկտեմբեր ամիսը. եթե էդ ընտանիքում բալիկ կլինի մահացած, մենք իրան կհաշվենք... Այսինքն՝ հաշվի կառնվեն ծնվելուն նախորդող երեք տարվա ընթացքում մահացած երեխաները։ Մենք կարող ենք հաշվել տիկին Նաիրայի 19 թվականին մահացած երեխային։ Այ դրա համար նոր ծնված երեխայի կարգաթիվը ստացվում է ոչ թե երեք, այլ երկու»։

Ընտանիքը դիմել է նաև վարչապետի աշխատակազմ, բայց բառացի նույն պաստախանն են ստացել։ Հիմա կառավարությունն ամուսիններին առաջարկում է ստանալ 2-րդ երեխայի համար սահմանված 300 հազար դրամ միանվագ գումարը։ Ընտանիքը, սակայն, հրաժարվում է, ասում են՝ գումարի կռիվ չեն տալիս, միայն թե գերատեսչոթւյունը չհաարի, որ փոքրիկն իրենց երկրորդ երեխան է։

«Մենք երդու որդի ենք ունեցել, սա մեր երրորդն է ու վերջ, մեր զոհված զինվորը մեր երեխան չէ՞ր...» - նեղսրտում են ծնողներն ու պնդում՝ նախարարությունն անմարդկային հաշվարկների մեջ է. - «Հասկանում ենք, որ պետական միջոցները սուղ են, մեզ էդ գումարը պետք չի։ Մեր նպատակը պետությունից ինչ-որ ֆինանս պոկելը չի։ Մեր նպատակը էն ա, որ մարդիկ զոմբիի նման վերցնում ու պատասխանը տալիս են... 14 թվին օրենք ա ընդունվել, օրենք փոխողն էլ են դուք, ընդունողն էլ եք դուք։ Էս կինը ինչի՞ մտածի, որ ինքը էրեխա ա մեծացրել, պետությանը տվել, զինվոր ա տվել, հետո ասում են՝ դու տղա չես ունեցել... Ամենևին էլ ֆինանսի հարց չկա, ուղղակի վիրավորական ա իրանց պատասխանը»։

Ծնողները հորդորում են կառավարությանը փոխել օրենքի այդ կետը, որ 44-օրյա պատերազմում որդի կորցրած հազարավոր ծնողներն էլ իրենց կարգավիճակում չհայտնվեն հետագայում։

«Վաղը-մյուս օր անցած 20 թվի պատերազմի երեք տարին կլրանա։ Ու դրանից հետո մարդիկ մինչև ուժ հավաքեն, մինչև գումար հավաքեն, մինչև իրանց տրամադրեն, նոր երեխա ունենան, ի՞նչ են ասելու, էդ ձեր երրորդը չի՞, չորրորդը չի՞...»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից չեն հստակեցնու, թե արդյոք մտադիր են մեկ անգամ ևս խմբագրել օրենքը, պնդում են միայն, թե այս խնդրով իրենց դեռ որևէ մեկը չի դիմել. Սա միակ ընտանիքն է: