Միգրացիոն աննախադեպ հոսքի պայմաններում կառավարությունը մտադիր է փոփոխել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը՝ հստակեցնելով այն պահանջները, որոնք բավարարելու դեպքում օտարերկրացիները կկարողանան դիմել կապույտ անձնագրի համար։
Առնվազն 150 հազար դոլարի ներդրումներ Հայաստանում, անշարժ գույքի, պետական պարտատոմսերի ձեռքբերում, հաջողություններ գիտության ու առողջապահության բնագավառներում ու մի շարք այլ պայմաններ։ Կառավարությունը բազմաթիվ նոր չափորոշիչներ է առաջարկում։ Ոստիկանության մշակած այս նախագիծն օրերս հրապարակվել է նախագծերի e-draft.am կայքում, այժմ հանրային քննարկման փուլն է։
Ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, խոստացան ավելի ուշ պատասխանել հարցերին։
Ավելի վաղ խորհրդարանում քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների մասին խոսելիս փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ընդգծել էր՝ նախաձեռնությունն օրհասական է. - «Բոլորիս քաջ հայտնի պատճառներից ելնելով՝ այս տարվա ընթացքում, հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում ահռելի մեծ ծավալների է հասել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը։ Եվ նման պարզաբանումները այս պահի դրությամբ իրականում օրհասական են»։
Գործող օրենքով քաղաքացիություն կարող է տրամադրվել Հայաստանում մշտական բնակություն հաստատած մարդկանց, հայազգիներին, Հայաստանի քաղաքացու հետ ամուսնածներին։ Քաղաքացիություն կարող է շնորհվել նաև պետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց, բայց այս դրույթի չափորոշիչները ամրագրված չէին։ Նախագծով կառավարությունը հստակեցնում է պահանջները։
Նախագիծը մի քանի բաժիններ ունի։ Առաջինը Հայաստանի տնտեսությունում նշանակալի ավանդի մասին է. առնվազն 150 հազար դոլարի ներդրումներ, գույքի ձեռքբերում, IT ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ, IT ընկերությունների հիմնում և այլն։
Եթե առաջարկն օրենքի ուժ ստանա, մյուս կետով քաղաքացիության համար կկարողանան դիմել ստաժավոր գիտնականները, հայկական մշակույթի տարածմանը նպաստողները, բարեգործները։ Բժշկության ոլորտում դոցենտի, պրոֆեսորի կոչում ունենալը ևս հիմք կարող է լինել։ Սա վերաբերում է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանում կամ Արցախում բժշկական օգնություն տրամադրած օտարերկրացիներին։
Այդուհանդերձ, այս հիմքերը դեռ չեն երաշխավորում, որ դիմողն անպայման Հայաստանի քաղաքացիություն կստանա, ասում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հինգ տարի ղեկավարած Մնացական Բիչախչյանը. - «Սա դեռևս չի նշանակում, որ անձը եթե ձեռք բերեց գույք, պետք է դիմի, քաղաքացիություն անպայման շնորհվի նրան։ Ոչ»։
Գործող օրենքով քաղաքացիության դիմումը մերժվում է, եթե դիմողը վնաս է հասցրել պետական և հասարակական անվտանգությանը։ Պետությունը, Բիչախչյանի փոխանցմամբ, դիմումները մերժելիս պարտավոր չէ հիմնավորումներ ներկայացնել. - «13-րդ հոդվածը դրա իրավակարգավորումները տվել է. եթե կան որոշակի պայմաններ, որ պետության վտանգ է ներկայացնում և այլն, նշված գործերը, բոլոր դիմումները ուղարկվում են Ազգային անվտանգության ծառայություն, Ազգային անվտանգության ծառայությունը տալիս է եզրակացություն։ Եթե բացասական եզրակացություն եղավ, բնականաբար, նրա քաղաքացիություն ստանալը կմերժվի»։
Նախագծի շրջանառումից հետո սոցցանցերում հայաստանցի օգտատերերը սկսեցին մտահոգություն հայտնել, որ այսպիսով օրինակ, Ադրբեջանի մտերիմ դաշնակից ու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թուրքիայի քաղաքացիները կգան այստեղ ներդրում կկատարեն և քաղաքացիություն կստանան։ Հնչում են հիմնականում անվտանգության հետ կապված մտահոգություններ։
Մնացական Բիչախչյանը, որը պաշտոնը լքելուց հետո միգրացիոն հարցերով իրավաբանական ծառայություններ է մատուցում, շեշտում է՝ առաջարկվող փոփոխությունները միայն դիմելու պայմանների մասին են. - «Ոչ մի տեղ գրված չի, որ գույք ձեռք բերելը, կամ տնտեսության մեջ ներդրում կատարելը, կամ արժեթղթեր ձեռք բերելը, կամ պարտատոմսեր ձեռք բերելը, կամ ձեռնարկություն հիմնելը կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներով, անպայման անձը կստանա քաղաքացիություն»։
Նմանատիպ կարգավորումներ գործում են մի շարք այլ պետություններում։ Օրինակ, Միացյալ Նահանգներում 900 հազար դոլար ներդնելու դիմաց կարելի է կեցության կարգավիճակ, Ավստիրայում 2 միլիոն եվրոյից ավելի ներդրման դիմաց՝ քաղաքացիություն ստանալ։ Մալթան իր անձնագիրը տալիս է 690 հազար եվրոն գերազանցող ներդրման դեպքում։
Անձնագրային վարչության նախկին ղեկավարը, սակայն, շեշտում է, միջազգային փորձը նույնությամբ այստեղ կիրառել պարզապես հնարավոր չէ. - «Չի կարելի քաղաքացիություն ստանալու ընթացակարգային նորմերը ուղիղ համեմատականով ուսումնասիրել և ասել, որ Եվրոպայում այսպես է, բերեք մեր մոտ էլ այսպես կատարենք»։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին վեց ամիսներին շուրջ 10 հազար մարդ է դիմել Հայաստանի քաղաքացի դառնալու համար, 2021-ի նույն ժամանակահատվածում այդպիսի գրեթե 3500 դիմում էր եղել։ Դիմումների աճը մեծապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմից հետո դեպի Հայաստան մեծ ներհոսքով։ Դիմողներ հիմնականում ոչ թե ազգությամբ ռուսներն են, այլ ռուսաստանաբնակ հայերը։