Հայաստանում առաջին անգամ անցկացվում է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երգեհոնային երաժշտության երկրպագուների համար նախաձեռնել է մի շատ ուշագրավ փառատոն՝ «Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը», որը տևելու է մինչև նոյեմբերի 6-ը։

Փառատոնի կազմակերպիչ, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց. - «Իրականում բավական երկար աշխատանքային պրոցեսի հետևանք եղավ այս փառատոնը։ Որովհետև տասը տարուց ավել աշխատել ենք փառատոնի իրագործման ուղղությամբ, և փառատոնը հաստատվեց 2020 թվականին, ԿԳՄՍ նախարարությունը հաստատեց ծրագիրը, ֆինանսավորեց։ Ցավոք, քովիդի ու պատերազմի պատճառով չեղարկվեց։ Եվ մենք այս տարի նորից որոշեցինք այնուամենայնիվ իրականացնել։ Ցավոք, էլի այս խառնակ ու դժվար ժամանակներում ենք մենք ստիպված իրականացնում փառատոնը։ Ունենք արտերկրից բավական հետաքրքիր երաժիշտներ»։

Փառատոնի շրջանակներում արդեն իսկ հանդես են եկել այնպիսի անվանի երգեհոնահարներ ինչպիսիք են իտալացի երգեհոնահար Ֆաբիո Մանչերան, հոլանդացի ժան Պիեռ Ստայվերսը։ Հոկտեմբերի 22-ին Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգով հանդես կգա Լադա Լաբզինան (Ռուսաստան)։ Ծրագրում միայն Թարիվերդիևի երգեհոնային ստեղծագործություններն են։

«Փառատոնը փակվելու է ֆրանսահայ բավական հետաքրքիր մի երիտասարդ տղայի կատարումներով՝ Մաուել Առաքելյան, որը երբևէ Հայաստանում չի եղել։ Բավական տաղանդավոր երգեհոնահար է», - հավելեց Արմեն Սուքիասյանը։

Ինչ խոսք, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնից անմասն չեն մնում նաև հայաստանցի երգեհոնահարները՝ որպես հայ երգեհոնային դպրոցի հրաշալի շարունակողներ։

Այսօր երեկոյան Կամերային երաժշտության տանը փառատոնի շրջանակներում կայանալիք համերգի ընթացքում հանդես կգան Աննա Բակունցը, Լուսինե Հարությունյանը, Հարություն Թագվորյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արփինե Հարությունյանը։ Ծրագրում արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների երգեհոնային ստեղծագործություններն են։

«Մեր երգեհոնային դպրոցը, որ, ինչպես գիտեք, ստեղծել, հիմնադրել է երգեհոնահայ Վահագն Ստամբոլցյանը, իր սաներն են ներկայացնելու։ Պլանավորված է համերգ Կապանում և Չարենցավանում։ Ունենք երգեհոն Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում, և ունենք երգեհոն Կապանի Արվեստի պետական քոլեջում։ Բավական լավ գործիքներ են։ Իհարկե ունեն խնամքի և հոգածության կարիք, ոնց որ բոլոր երգեհոնները Հայաստանում այսօր։ Դա առանձին թեմա է ընդհանրապես մեր երգեհոնային ժառանգության պահպանման հարցը։ Օրինակ, մենք մեր փառատոնը ավարտում ենք գալա-համերգով, որի հասույթը գնալու է հենց երգեհոնների պահպանման ու վերանորոգման ծախսերը հոգալուն», - ասաց Արմեն Սուքիասյանը։

Հարցին, թե ինչ դեր ունի այսօր երգեհոնային երաժշտությունը հանրության կյանքում, Սուքիասյանը պատասխանեց. - «Ունենք շատ հետաքրքիր ունկնդիր։ Զարմանալի բան ասեմ. մեզ մի պահ թվում էր, թե տարիքային իմաստով ավելի բարձր տարիքի, ավագ սերնդի հանդիսատես ունենք, բայց պարզվեց, որ ոչ, բավական շատ երիտասարդություն է այսօր հաճախում մեր համերգներին, սիրով, և դա մեզ ոգևորում է։ Կարծում եմ, երիտասարդությունը ուղղակի մղում ունի դեպի գեղեցիկ արվեստը»։

Իսկ հարցին, թե ինչ պետք է անի երիտասարդ երաժիշտը երգեհոնահար դառնալու համար, նա արձագանքեց. - «Շատ ցավոտ հարց եք բարձրացնում, որովհետև այսօր երգեհոնային դպրոցի շարունակելիության խնդիր ունենք։ Կոնսերվատորիայում այսօր ընդամենը մեկ ուսանող ունենք երգեհոնահար։ Դա շատ տխրեցնում է մեզ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի երիտասարդները գնան երգեհոնային բաժին՝ սովորելու։ Հույս ունեմ, որ այս խնդիրը կկարգավորվի, և մեր երգեհոնային դպրոցը կունենա իր շարունակությունը։ Այնպես է ստացվել, որ սա առաջին փառատոնն է։ Շատ ոգևորում է, և իսկապես հավատում ենք, որ սա շատ կնպաստի դեպի երգեհոն երիտասարդներին ավելի մոտեցնելուն։ Ե'վ հանդիսատեսի իմաստով, և' կատարողների իմաստով նոր ձեռքբերումներ ունենալու իմաստով»։