Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի իր պաշտոնակցի՝ Շրի Ռաջնաթ Սինկհի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։
Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։
Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես:
Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր է աշխատանքային այցով մեկնել Հնդկաստան:
Սեպտեմբերի վերջին Հնդկաստանում լույս տեսնող Economic Times-ը հաղորդել էր, որ առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ է մատակարարելու Երևանին: