Իրանն այս առավոտ լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում, դրանց մասնակցում են Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված են նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։
Դիմելով շարք կանգնած հազարավոր զինվորներին՝ Կորպուսի հրամանատար Հոսյեն Սալամին ընդգծել է՝ բարեկամություն են ուզում հարևանների հետ, եթե վերջիններս չունեն այլ նպատակներ։ «Մեր քաղաքականության հիմնական սկզբունքն է՝ քանի դեռ մեր հարևանը, կամ՝ այլոք, դավադրություն չեն սկսել մեր երկրի դեմ, կամ՝ թշնամություն չունեն Իրանի ժողովրդի հանդեպ, բարեկամության մեր քաղաքականությունը կմնա անփոփոխ», - ասել է Սալամին։
Ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի զինված ուժերը Ադրբեջանի հետ սահմանակից այս շրջաններում արդեն երրորդ անգամ են լայնածավալ զորավարժություն անցկացնում։ Իրանական «Թասնիմ» -ի թղթակից Սեյեդ Մոհամադը, սակայն, տեղից հաղորդում է, որ այս անգամ զորավարժությունների աշխարհագրությունն ավելի ընդարձակ է, բացի այդ, առաջին անգամ նախատեսվում է նաև Արաքսի վրա լողացող կամուրջ տեղադրել՝ տեխնիկայի տեղափոխման համար։
Վարժանքների նախօրեին պաշտոնական Թեհրանը կրկին պնդել է, թե դրանք պլանային են, և իրականացվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ վարժանքները սկսվել են հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին, և որ դրանից առաջ՝ անցած շաբաթ, Իրանի նախագահը Ադրբեջանի առաջնորդին կրկին զգուշացրել էր, որ Թեհրանը չի հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն։ Այսօր, դիմելով զինվորներին, այդ մասին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսյեն Սալամին է խոսել, ընդգծելով՝ Թեհրանը այդ դեպքում կարող է և չեզոք դիրք չգրավել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կրկին նախազգուշացումներ է տալիս Ադրբեջանին«Մենք կուզեինք, որ մեր հարևաններն իրենց խնդիրները լուծեին առանց ագրեսիայի և առանց պատերազմի, որովհետև մենք մեր շահերն ունենք այստեղ, և երբեմն, երբ աշխարհի այս անկյունում փոփոխություններ են լինում, մեր ազգային շահերը կարող են հայտնվել վտանգի տակ։ Այդ դեպքում մենք չեզոք չենք և պաշտպանում ենք մեր կենսական շահերը։ Մեր կարմիր գիծն է՝ սահմանների փոփոխություն չպետք է լինի, և բոլոր հարցերը պետք է լուծվեն հարևանների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչմամբ», - ընդգծել է նա։
Հաղորդվում է, որ վարժանքները կշարունակվեն երեք օր։ Դրանց ընթացքում կփորձարկվեն բարձունքներ գրավելու, հաղորդակցության ուղիներ վերահսկողության տակ առնելու, հարձակման գնալու տարբեր սցենարներ։
Բրիտանական Independent-ի պարսկերեն հավելվածը գրել է․ «Իրանցի պաշտոնյաներից շատերն են կարծում, թե Ադրբեջանը՝ Իսրայելի ու Միացյալ Նահանգների աջակցությամբ, փորձում է վերահսկողության տակ առնել Հայաստանի հետ սահմանը, որը կենսական նշանակություն է ստացել Թեհրանի համար՝ միջազգային պատժամիջոցների խստացումից հետո»։
Հրապարակավ ընդդիմանալով նման փորձերին՝ Իրանի իշխանությունները նաև հայտարարում են, թե դեմ են Հարավային Կովկասում օտարերկրյա զինված ուժեր տեղակայելու փորձերին՝ ցանկացած պատրվակով։ Այս մասին հայտարարությունը տարածվեց հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդներ տեղակայելու որոշումից հետո։
«Պաշտոնական Թեհրանը մտավախություն ունի, որ տարածաշրջանում Իսրայելի, կամ՝ Եվրոպայի ներկայության արդյունքում ի վերջո կկորցնի իր համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանը», - գրում է բրիտանական Independent-ի պարսկերեն հավելվածը։