ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները հանդիպումներ են ունեցել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն են ներկայացրել մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ին Պրահայում ընդունված հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։

«ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին», - ասված է հաղորդագրությունում։

Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։

Այսօր ավելի վաղ էլ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Համաձայն ՊՆ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր, Սուրեն Պապիկյանին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները:

Պաշտպանության նախարարը ողջունելով նրանց այցը Հայաստան՝ հայտնել է առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:

Եվրամիության դիտորդների մասնագիտական խումբը Երևան է ժամանել սեպտեմբերի 14-ին՝ նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության դիտորդների այցը Հայաստան։ Այս խմբին Հայաստանում ընդունել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը վերահաստատել էր Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Հաջորդ օրն էլ խումբը հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ: Դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումըԵվրամիության արտգործնախարարները հաստատել են այսօր՝ Լյուքսեմբուրգում կայացած նիստում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը հաստատեց Հայաստանում դիտորդական առաքելությունը