Կրկին պայթյուններ Կիևի կենտրոնում, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են

Կիև, 17-ը հոկտեմբերի, 2022թ․

Կիևն այսօր խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Ռուսները կարծում են, որ դա իրենց կօգնի»,- հավելել է Երմակը։

Երկուշաբթի առավոտյան Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների թիվը հասել է չորսի, Տելեգրամում իր հերթին գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Եվս երկու պայթյուն Շևչենկոյի շրջանում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Բժիշկներն օգնություն են ցուցաբերում հրթիռակոծությունից տուժած կնոջը, Կիև,17-ը կոտեմբերի, 2022թ․

Այսօր ավելի վաղ Կլիչկոն արդեն հայտնել էր երկու պայթյունի մասին Շևչենկոյի շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։

Կլիչկոն նաև տեղեկացրել է, որ անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի Շևչենկո թաղամասի ոչ բնակելի շենքում։

Կիև, 17-ը հոկտեմբերի, 2022թ․

Հրշեջներն աշխատում են։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր։ Բժիշկները տեղում են։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտում են, գրել է նա:

Կիևում պայթյունների մասին տեղի իշխանությունները հաղորդել էին նաև հոկտեմբերի 9-ին։ Ռուսական կողմից ուկրաինական քաղաքների հրթիռակոծության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել է։

Ղրիմի կամուրջի պայթյունից հետո Կիևին ահաբեկչության համար մեղադրող Պուտինը հայտարարել է, թե ուկրաինական օբյեկտներն իր հրամանով են հրթիռակոծվել։

Տես նաև այստեղ