«Խտրական վերաբերմունք», - Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանի գնահատականն է ԱԺ-ում օրերս բաժանված պարգևավճարներին։
Մոտ 35 միլիոն դրամի չափով պարգևավճարներ են ստացել բացառապես իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» 7 տասնյակ պատգամավորները՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով, նրանց թվում նաև ԱԺ նախագահը։
Ընդդիմադիրները չեն ստացել, տեղեկացրեցին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններից։
«Պարգևատրում են կարգադրությամբ բոլոր պատգամավորներին, բայց պարգևավճարներ ստանում են միայն իշխանական պատգամավորը, սա խտրական վերաբերմունք է: Եթե պարգևատրում է, ուրեմն պիտի բոլորին լինի, եթե պարգևատրումը բոլորին չէ, ուրեմն բոլորին չէ, ուրեմն չպիտի լինի», - ասաց Թովմասյանը:
Չեն ստանում, որովհետև աշխատանքի չեն գալիս, ԱԺ լրատվականի բացատրությունն է։ Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն, ընդհանրապես, կարծում է՝ նիստերին չմասնակցող ընդդիմադիրները աշխատավարձ էլ չպետք է ստանան։
Մայիսից քաղաքական բոյկոտ անող, ԱԺ աշխատանքներին չմասնակցող ընդդիմադիրների խոսքով՝ այս ընթացքում իրենց աշխատավարձը ևս կրճատվել է։
«Պատգամավորները, որոնք չեն մասնակցում, չպետք է ստանան ընդհանրապես աշխատավարձ, չնայած դրան մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց աշխատակիցները ստանում են», - ասաց Սիմոնյանը:
Պատգամավորների աշխատավարձը՝ 470 հազար դրամի սահմաններում է, հանձնաժողովների նախագահներինը՝ մոտ 550 հազար, դրան գումարած ամսական 250 հազարական ամենամսյա պատգամավորական ծախսերի գումարը։ Վերջին պարգևավճարի առիթը՝ անկախության 31-ամյակն էր, բայց հարյուրավոր զոհերի պատճառ դարձած սահմանային բախումների օրերին այն չտրվեց։ Խրախուսման կարգադրությունը պաշտոնապես հոկտեմբերի 11-ին հրապարակվեց։
«Եթե սեպտեմբերի 21-ի անկախության առիթով էր, ապա պետք էր գոնե ազնիվ լինել և բարոյական առումով ասել, որ «այդ օրերին մենք չտվեցինք պարգևավճար մերոնց, քանի որ երկրում պատերազմական իրավիճակ էր», այսինքն, սպասեցին հոկտեմբերի 10-11 չեմ հիշում, այդ առիթով արդեն այդ օրով տվեցին պարգևավճարը: Սա անընդունելի է, որովհետև եթե հիշենք ինչ են արել իշխանական պատգամավորը անցած մեկ ամսվա ընթացքում՝ մոտավորապես մեկ տասնյակ օրենք են ընդունել և ԲԴԽ նախագահ ու ԿԸՀ նախագահ են ընտրել, այսինքն ինչո՞վ են արժանացել», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում այդ միլիոնները ծախսելու ավելի արդյունավետ տարբերակներ չգտնվեցի՞ն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ավելի արդյունավետ տարբերակները մենք մշտապես օգտագործում ենք. Արցախում տուն ենք կառուցում, բժշկական օգնություն են տրամադրում»:
Խորհրդարանի կայքում միայն պատգամավորների պարգևատրելու մասին կարգադրությունն է հրապարակվել։ Աշխատակազմի մասին՝ ոչ մի խոսք։ Բայց Թագուհի Թովմասյանը պնդում էր՝ նաև աշխատակազմն է պարգևատրումներ ստացել՝ բացառությամբ ընդդիմադիր պատգամավորների օգնականների, խմբակցությունների փորձագետների ու գործավարների։
Երբ իշխանությունը նախաձեռնեց խորհրդարանի փոխնախագահի ու հանձնաժողովի նախագահի պաշտոնանկությունները, Թագուհի Թովմասյանը միակն է ընդդիմադիրներից, որ հանձնաժողով է ղեկավարում։ Նա ԱԺ ղեկավարությունից պահանջում է իր օգնականին ևս պարգևատրել։
«Ընդդիմությունը գտնվում է քաղաքական բոյկոտի մեջ և պատգամավորները չեն գնում դահլիճ, բայց ամբողջ աշխատակազմն աշխատում է, օրինակ, իմ օգնականն 9-6-ը աշխատանքի է լինում, կամ իմ վարորդ ինձ անընդհատ մարզեր է ուղեկցում, մենք գնում ենք ամենահեռավոր շրջաններ: Ես այդ մարդուն հիմա ո՞նց բացատրեմ՝ ինչու դու արժանի չես պարգևի: Քաղաքական հայացքներով են մարդկանց պարգևավճարներ տալիս: Շատ կուզենայի, որ ընդդիմությունը իսկապես դիմեր Սահմանադրական դատարան, որպեսզի այս խայտառակ խտրական վերաբերմունքին մեկընդմիշտ վերջ տանք: Ամբողջ հասարակությունը սև ու սպիտակի բաժանեցին վերջացրեցին, հիմա էլ Ազգային ժողովի աշխատակազմին են սև ու սպիտակի բաժանում», - ընդգծեց Թովմասյանը:
«Ինչ վերաբերում է օգնականներին, նրանց մեծ մասը նույնպես բացակայում են և չեն կարող ստանալ, ինչ վերաբերում է նրանց, ովքեր գալիս են, այդ պարագայում մենք ունենք արդեն դեպք, որ դիմել է ընդդիմադիր պատգամավորը, որ իր օգնականներն ու աշխատակիցը գալիս են, այդ պարագայում ես անհատապես կդիտարկեմ», - ասաց Սիմոնյանը:
ԱԺ-ից «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեցին՝ պարգևատրվել է նաև աշխատակազմը, նրանց թվում՝ բոլոր հանձնաժողովների փորձագետները։ Պնդում էին՝ ընդդիմադիր խմբակցությունների փորձագետներն ու պատգամավորների օգնականները չեն ստացել պարգևավճարներ նույն պատճառաբանությամբ՝ աշխատանքի չեն ներկայացել։ Եթե իշխանական 70 պատգամավորի պարգևատրումը մոտ 35 միլիոն էր, ապա աշխատակազմի մի քանի հարյուր անդամներինը՝ ընդամենը 2 անգամ ավելի՝ մոտ 78.5 միլիոն դրամ։