Լավրովը հույս ունի Միրզոյանի և Բայրամովի հետ քննարկել եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ուրբաթ օրը Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ մեկնարկած հանդիպման ընթացքում հույս ունի քննարկել երեք երկրների ղեկավարների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»:

«Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է խոսելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին՝ կապված իրենց ստորագրած համաձայնագրերի կատարման հետ»,- ասել է Լավրովը՝ բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն, ինչպես նաև երեք երկրների նախագահների հայտարարություններին համահունչ ԼՂ հիմնախնդրին լուծումներ գտնելու համար։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին ասել է, որ այս տարվա մայիսին եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումից ի վեր զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։

«Գոնե մեր կողմից մենք հատուկ ուշադրություն կդարձնենք հետկոնֆլիկտային կարգավորման այն հարթությանը, որի համար անմիջականորեն պատասխանատու են արտգործնախարարները. դրանք խաղաղության պայմանագրի հարցերն են, որոնց շուրջ մենք վերջերս հանդիպում ունեցանք»,- ասել է Բայրամովը։

Նա հավելել է, որ օգտակար կլինի խոսել «խաղաղ կարգավորման այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման», ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի մասին։

Արդեն երկու ժամ է Աստանայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը։

Երկու օր առաջ Աստանայում՝ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, կայացել է Միրզոյանի և Լավրովի հանդիպումը։ Հայաստանի արտգործնախարարը պնդել է՝ Երևանը հավատարիմ է Կրեմլում ձեռք բերված համաձայնություններին, միաժամանակ՝ հստակ քայլեր է ակնկալում ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպում էին ունեցել հոկտեմբերի 2-ին Ժնևում: Ժնևյան բանակցություններն, ըստ էության, առաջինն էին խաղաղության պայմանագրի տեքստի օրակարգով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան. Լավրով