Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի երեկվա հարցազրույցին, այսօր ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Պաշտոնյան կրկին պնդել է, թե Բաքուն փակված է համարում հարցը:
«Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն», - ասել է Հաջիևը:
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը պնդել է, թե լինելով միջազգային համայնքի «պատասխանատու անդամ», Ադրբեջանը «որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին»: Դա, սակայն, կարվի բացառապես որպես «բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր. Գրիգորյան