Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ:

Ըստ ԱԽ պաշտոնական հաղորդագրության՝ Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, նրանք քննարկել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:

Պատվիրակության կազմում էին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Պարզաբանումներ, թե ինչու պատվիրակության մյուս անդամները ներկա չէին հանդիպմանը, չէին տրվել:

Պրահայի բանակցություններից հետո Ստեփանակերտում մեկնարկած հանրահավաքների ֆոնին դեռ կիրակի Արցախի նախագահի խոսնակը հայտարարել էր, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը գալիս է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս հայտարարության 4 -րդ օրը միայն՝ երեկ, վարչապետ Փաշինյանն ընդունեց Արցախի նախագահին առանց պատվիրակության մյուս անդամների։