Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բացվում է Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովը, որտեղ կենտրոնական զարգացումներից մեկը կլինի Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե հանդիպման օրակարգը պարզ է՝ անդրադարձ կլինի և՛ Ուկրաինային, և՛ երկկողմ հարաբերություններին, և՛ ընթացիկ վիճակին:
Թուրքիայի ղեկավարն արդեն Աստանայում է, նրան Ղազախստանի նախագահի նստավայրի՝ Ակորդա պալատի մոտ դիմավորել են զինվորական պատիվներով, ինչից հետո տեղի է ունեցել նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցը:
Էրդողանին ուղեկցում են արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մի շարք նախարարներ, նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթդին Ալթունն ու մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը:
Վերջինս ասել է, թե Էրդողանն աշխարհում «միակ լիդերն է, ով ի զորու է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել» Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին:
«Թուրքիան համոզված է, որ դիվանագիտության դռները միշտ պետք է բաց պահել, այսօր Թուրքիան միակ պետությունն է, որը կարող է Ուկրաինայում կարգավորման ճանապարհային քարտեզ առաջարկել»,- ասել է Քալընը:
Ինքն Էրդողանն էլ Պրահայում՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովում խոսել է իր միջնորդական հնարավորությունների մասին:
«Բանակցային գործընթացի և դրա արդյունքի մասին հնարավոր կլինի մտորել միայն այդ քննարկումներից հետո, բայց պետք է մի փոքր ինքս ինձ գովեմ, ես կարող եմ ուղիղ և անկեղծ զրուցել երկու լիդերների՝ Պուտինի և Զելենսկու հետ: Թերևս միակն եմ, ով կարող է դա անել»,- հոկտեմբերի 6-ին ասել է Թուրքիայի ղեկավարը Չեխիայի մայրաքաղաքում:
Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի 70-ամյակի օրը, Էրդողանը զանգահարել է նրան և շնորհավորել հոբելյանի կապակցությամնբ ու հույս հայտնել, որ առաջիկայում կկարողանա նրա հետ հանդիպել Աստանայի հավաքի շրջանակներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աստանայում այս օրերին մի շարք հանդիպումներ կանցկացվեն, այդ թվում՝ Լավրով - Միրզոյան - ԲայրամովՊուտինի և Էրդողանի հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 13-ին: Ռուսները դեռ զուսպ են արձագանքում Անկարայի միջնորդական ջանքերին, երեկ թեմային է անդրադարձել Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակը:
«Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դեռ չի ստացել պաշտոնական առաջարկներ Թուրքիայի տարածքում Մոսկվայի, Բեռլինի, Վաշինգտոնի, Լոնդոնի կամ Փարիզի հետ բանակցելու վերաբերյալ»,- ասել է Մարիա Զախարովան:
Աստանայի հավաքին մասնակցում են 11 պետությունների ղեկավարներ, նրանց թվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ով այսօր արդեն ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք:
Ասիայում փոխգործության և վստահության միջոցների գագաթնաժողովին այսօրվա դրությամբ անդամակցում են 27 պետություններ: 2014 թվականից կառույցի կենտրոնակայանը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում: