«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները հանդես կգան հաշվետու համերգով

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը Երևանում

Այսօր երեկոյան Կամերային երաժշության տանը տեղի կունենա «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների ամփոփիչ հաշվետու համերգը, որին մասնակցում են 11-18 տարեկան տաղանդաշատ պատանի երաժիշտներ։

Մշակութային այս հիմնադրամը ստեղծվել է երկու տարի առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստկան ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ։

«Ազատության» հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հովակիմյանը, անդրադառնալով իրենց կրթաթոշակառուների համար նախատեսված անվճար, մեկ տարի տևողությամբ կրթական և զարգացնող ծրագրերին, ասաց. - «Իրենք իսկապես մեր երեխաներն են, մենք իրենց բոլորին մեկ տարի առաջ ընդունեցինք ծրագրի շրջանակներում իբրև կրթաթոշակառուներ։ Արդեն երկու տարի է անցկացվում մեր ծրագիրը, և մեր բոլոր երեխաները դառել են մեծ երաժշտական ընտանիքի անդամ։ 21-22 թվականների ընթացքում մեզ մոտ ծրագրով անցան 15 կրթաթոշակառուներ, այսինքն՝ անցած տարվա համեմատությամբ մենք հինգ հոգով ավելացրեցինք կրթաթոշակառուների թիվը։ Միայն ակադեմիական գործիքների կատարողներն են դառնում մեզ մոտ կրթաթոշակառուներ։ Մեկ տարվա ընթացքում մեծ կրթական և զարգացնող ծրագիր ենք անցկացրել մենք։ Դրա մասին կփաստեն թվերը, որովհետև մեր երեխաները 150-ից ավելի վարպետության դասեր են ունեցել 50 աշխարհի լավագույն պրոֆեսորների և արտիստների կողմից, ունեցել են մոտ 50 անգլերենի և ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, որ մենք կազմակերպում ենք Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի հետ համագործակցությամբ»։

Հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրերի շրջանակներում կրթաթոշակառուները այցելում են թանգարաններ, ունկնդրում համերգներ և մասնակցում նաև այլ կրթամշակութային ծրագրերի, որոնցից ամենակարևորը նրանց մասնագիտական կրթության համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Սերգեյ Սմբատյանի կողմից Հայաստան հրավիրված միջազգային լավագույն լավագույն արտիստների կողմից անցկացվող վարպետաց դասերն են։

«Ես կարծում եմ, որ այս մեկ տարվա ընթացքում իրենց ստացած գիտելիքները նրանք ամբողջ իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում կկարողանան կիրառել, որովհետև այս մեկ տարվա ընթացքում իրենք շփվեցին և վարպետության դասեր ունեցան այնպիսի երաժիշտների մոտ, ինչպիսին են Միշա Մայսկի, Գիլ Հահամ... այդ անունները շատ-շատ են։ Իրենք չէին կարող պատկերացնել, որ կարող են նրանց մոտիկից տեսնել։ Օրինակ, Դորա Շվարցվերգը, որը համարվում է աշխարհի լավագույն ջութակի դասախոսը, հինգ օր շարունակ եկավ և պարապես մեր երեխաների հետ», - ասաց Հովակիմյանը։

Հարցին, թե որն էր հիմնադրամը ստեղծելու նպատակը, նա պատասխանեց. - «Հիմնադրամը ստեղծելիս Սմբատյան Սերգեյի հետ մտածում էինք այն մասին, որ պետք է ռեստարտ տանք այն կատարողական դպրոցին, որը որ Հայաստանում տասնյակ տարիներ գործել է և շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Բայց այսօր աշխարհը գնում է առաջ և ունի այլ պահանջներ, և մեր գլխավոր նպատակը բացահայտելն է այն երեխաներին, այն պատանիներին, որոնք որ ունեն լուրջ պոտենցիալ, կրթել և զարգացնել իրենց, և տալ Հայաստանին և աշխարհին համաշխարհային մակարդակի երաժշիշտներ։ Եվ մենք հավատում ենք, որ կհասնենք այդ նպատակին»։