Ստրասբուրգում գտնվող ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում որոշ ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթներում նկատել է կեղծ հավասարության նշան դնելու նախկին միտումը։ Կարծում է՝ սա ադրբեջանական լոբբինգի հետևանքն է։
«Չնայած որ եվրոպական հանրությունը քաղաքական արդեն սկսել է ավելի հաստատակամ հայտարարել, որ այս ամսվա սեպտեմբերին տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հանդիսանում էր ագրեսիա Ադրբեջանի կողմից, բայց այնուամենայնիվ ազգային պատվիրակությունների այս կամ այն ներկայացուցիչների ելույթում դեռևս շարունակում է նկատվել կեղծ, սին բալանսավորում ապահովելու միտումը երկու կողմերի միջև», - ասաց Մամիջանյանը։
Պատվիրակության ղեկավար, իշխանական Ռուբեն Ռուբինյանը մինչդեռ գոհ է երկու օր շարունակվող քննարկումներից, ասում է՝ ստացանք միանշանակ դատապարտումներ և Ադրբեջանի զորքը Հայաստանից դուրս բերելու հստակ կոչեր։
«Քննարկումը շատ լավ անցավ մեզ համար, ստացանք առանց այլևայլությունների միանշանակ դատապարտում ադրբեջանական հարձակումներին», - ասաց Ռուբինյանը։
Հայկական պատվիրակության ղեկավարը «Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների, ներառյալ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների» հարցի քննարկման ժամանակ՝ նիստերի առաջին օրը հայտարարել էր, որ անհնար է Ադրբեջանի հետ խոսել խաղաղության մասին, մինչ նա կրակում է քեզ վրա։
«Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկացել այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարդ է։ Հասկանում եմ։ Բայց սա այն դեպքն է, երբ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը, դա պետք է դատապարտվի։ Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն», - հղում անելով Ռուբինյանի ելույթի այս հատվածին՝ ընդդիադիր Մամիջանյանը անընդունելի է համարում պաշտոնական Երևանի որդեգրած քաղաքականությունը՝ առանձնացնել Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։ Նման շեշտադրում Մամիջանյանը նկատել է նաև ԵԽԽՎ-ում։
«Այն, ինչ-որ իրենց ելույթներում նկատելի է և կարմիր գծով անցնում է, իրենց ընդհանրական քաղաքականության դրսևորումն է, դա միջազգային հարաբերությունների պաշտոնական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ռուբինյանի համար քննադատության տրամաբանությունը հասկանալի և ընդունելի չէ։
ԵԽԽՎ-ում բավականին շատ ելույթեր են հնչել, որտեղ թիրախային քննադատել են Ադրբեջանին և պահաջել զորքը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Դեռ, սակայն, պարզ չէ, այդ քննադատությունները բանաձև կդառնան, թե ոչ։
«Այս ֆորմատը քննարկման, որը կոչվում է ընթացիկ հարցերի քննարկում, չի ենթադրում ավտոմատ բանաձևի ընդունում, բայց մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ այլ մեխանիզմներով հասնենք արդեն փաստաթղթի ընդունման, որն այս նստաշրջանի բան չէ», - ասաց Ռուբինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին