Բրյուսելում այսօր որոշում կկայացվի Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Ակնկալվում է, որ այսօր Եվրամիության անդամ երկրների դեսպանները Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Այդ մասին երեկ Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր է Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասաց նա։

Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Ըստ քառակողմ հայտարարության, Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Բաքուն, որ մինչ այդ մերժել էր տեղում եվրոպական զինված ուժեր տեղակայելու առաջարկը, անզեն առաքելության դեպքում խոստացել էր համագործակցել «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Հաղորդվել է, որ անզեն առաքելությունը պետք է աշխատանքները սկսի առաջիկա շաբաթներին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ կողմերի միջև վստահության և զեկույցներով սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կա


Թե որ երկրներից են լինելու քաղաքացիական դիտորդները, հստակ չէ։ «Այս պահին տվյալներով, ամենայն հավանականությամբ, առաքելությունը բաղկացած կլինի 40 հոգուց», - «Ազատությանը» հայտնել են Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները՝ առանց հավելյալ մանրամասների։

Դիվանագետները չեն բացառում, որ եվրոպացի դիտորդները կարող են Հայաստան գալ Վրաստանից, որտեղ Միությունը դեռ 2008-ից՝ ռուս - վրացական օգոստոսյան կարճատև պատերազմից հետո է քաղաքացիական առաքելություն տեղակայել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մանրամասները դեռ աշխատանքային քննարկումների տիրույթում են. ԱԳՆ խոսնակ