Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, թե անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին: Այդ մասին նա ասել է, արձագանքելով այսօր առավոտյան Կիևին և ուկրաինական մի շարք այլ քաղաքների հրթիռակոծման լուրին:
«Չինաստանը մշտապես ընդգծել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: Մենք միանշանակ կողմ ենք երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին, և բոլորը պետք է հետևեն դրանց ու հավատարիմ լինեն ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջներին: Անվտանգության վերաբերյալ լեգիտիմ մտահոգությունները նույնպես պետք է հաշվի առնվեն: Մենք հուսով ենք, որ կողմերը կկարողանան երկխոսության և քննարկումների եղանակով լուծել տարաձայնությունները: Չինաստանը ցանկանում է շարունակել իր կառուցողական դերակատարությունը լարվածությունը մեղմելու գործում»,- ասել է խոսնակը:
Չինաստանը միջազգային ասպարեզում համարվում է Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներից մեկը և ուղիղ ու միանշանակ չի դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, բայց նաև չի ճանաչել ուկրաինական տարածքների ապօրինի բռնակցումը Ռուսաստանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղ առավոտից ռուսներն ավելի քան 75 հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա