Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ և լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան արժանացել է Վացլավ Հավելի մրցանակին

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական ակտիվիստ և լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան, արխիվ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մարդու իրավունքների բնագավառում Վացլավ Հավելի մրցանակը շնորհել է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ և լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզային, Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը հայտնել է վեհաժողովի նախագահ Տինի Կոկսը:

Մրցանակի վկայագիրը ստացել է Կարա-Մուրզայի ամուսինը՝ Եվգենիան:

Այս տարվա ապրիլին Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանի կարգադրությամբ Վլադիմիր Կարա-Մուրզան կալանավորվել է «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ տարածելու» հոդվածով:

Ըստ քննիչների, ելույթ ունենալով Արիզոնայի նահանգի օրենսդիր ժողովի ստորին պալատում՝ Լեգիսլատուրայում, «Կարա-Մուրզան ռուսական բանակին անհիմն մեղադրել է Ուկրաինայում արգելված մեթոդներով պատերազմ վարելու համար»:

Բացի այդ, ըստ մեղադրող կողմի, «հրապարակախոսը երկար ժամանակ համագործակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի հետ»: Այդ մեղադրանքով Կարա-Մուրզան կարող է դատապարտվել ընդհուպ 20 տարվա ազատազրկման:

Այսօր դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը և Վլադիմիր Կարա-Մուրզայի կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև այս տարվա դեկտեմբերի 12-ը:

Չեխոսլովակիայի և Չեխիայի առաջին նախագահ, գրող, հրապարակախոս և իրավապաշտպան Վացլավ Հավելի անվան մրցանակն ամեն տարի տրամադրվում է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքի համար:

Մրցանակի դրամական պարգևը 60 հազար եվրո է: Մրցանակը կարող է շնորհվել իրավապաշտպան առաքելությամբ զբաղվող ֆիզիկական անձանց և ոչ կառավարական կազմակերպություններին: