Ռուսաստանը վաղ առավոտից հարվածներ է հասցնում ուկրաինական քաղաքներին, այդ թվում` մայրաքաղաք Կիևին:
Նախօրեին Կրեմլն ուկրաինացիներին է մեղադրել Ռուսաստանը և Ղրիմի թերակղզին կապող կամուրջը պայթեցնելու համար:
Ուկրաինական քաղաքների հրթիռակոծությունների հետևանքով կա առնվազն 10 զոհ, մոտ 30 քաղաքացի վիրավորվել է: Ավերվել են մեծ թվով շինություններ: Կիևից զատ հարվածների են ենթարկվել Դնեպրը, Խարկովը, Ժիտոմիրը, Նիկոլաևը և Արևմտյան Ուկրաինայի մի շարք բնակավայրեր:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ ռուսներն ուկրաինական թիրախների վրա արձակել են առնվազն 75 հրթիռ: Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը կարողացել է ոչնչացնել դրանցից ավելի քան 40-ը:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքի կենտրոնում տուժել են Շևչենկոյի թաղամասում գտնվող մի քանի շենքեր:
Կիևի մետրոն դադարեցրել է աշխատանքը և այս պահին գործում է որպես ռմբապաստարան:
Հրշեջները փորձում են մարել պայթյուններից հրդեհված մեքենաները, բժիշկները տեղում օգնություն են ցույց տալիս տուժածներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռակոծություններ Կիևում, Ուկրաինայի այլ քաղաքներում. կան զոհեր, վիրավորներ