Ավստրիայի գործող նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը երեկվա ընտրություններում ձայների գերիշխող մեծամասնությամբ վերընտրվել է և կպաշտոնավարի ևս վեց տարի:
Խոսելով աջակիցների հետ՝ նախագահն ասել է, որ իր հաղթանակը մեծ նշանակություն ունի ոչ միայն Ավստրիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար, քանի որ կամրապնդի եվրոպացիների միասնական դիրքորոշումն Ուկրաինայի դեմ պատերազմ նախաձեռնած Ռուսաստանի նկատմամբ:
Ըստ նախնական տվյալների, Վան դեր Բելենը ստացել է քվեների ավելի քան 56 տոկոսը, իսկ հիմնական մրցակիցը՝ «Ազատություն» կուսակցության թեկնածու Վալտեր Ռոզենկրանցը քվեների մոտ 18 տոկոսն է ստացել:
78-ամյա Վան դեր Բելենն Ավստրիայի կանաչների երբեմնի լիդերն է, նա հայրենիքում հայտնի է որպես բնակիչների շրջանում հեղինակություն վայելող զուսպ և վճռական քաղաքական գործիչ, ով կարողանում է կայունություն ապահովել քաղաքական ճգնաժամերի շրջանում:
Ավստրիայի օրենքներով նախագահը նաև գերագույն գլխավոր հրամանատարն է և ունի կառավարությունն ու վարչապետին պաշտոնանկ անելու իրավունք: