Վանաձորցի Մոսինյանների 9 հոգանոց ընտանիքում վայելում են ամեն ինչ՝ աղմուկից մինչև ընտանեկան բիզնես։ Օրեր առաջ տուն մտավ իրենց 7-րդ տղան՝ Նոյը։ Երկու սենյականոց նեղլիկ բնակարանում դեռ տեղավորվում են։ Միակ անհանգստությունը՝ թե տարիներ հետո որտեղ է քնելու իրենց 8-րդ զավակը։
«Բանակային ռեժիմ ունենք, էն որ երկհարկանի կռավաթ ունենք, ամենքը մի հարկում են քնում, երկու հատ մանկական լուլկա ունենք: Նենց ա որ բոլորի համար առանձին քնելու տեղ ունենք, սրանից հետո՝ հաջորդի համար էլ տեղ չենք ունենա: Նենց որ մինչև հաջորդը պիտի հասցնենք մեր սեփական տունը սարքենք», - ներկայացրեց Արեն Մոսինյանը:
39-ամյա Արեն Մոսինյանն ասում է՝ քույր-եղբայր չուներ ու շատ էր ուզում մեծ ու համերաշխ ընտանիք ստեղծել, ստացվել է. «Չեմ ունեցել քույր, չեմ ունեցել եղբայր, այսօր ունեմ յոթ եղբայր»:
Այս ընտանիքում ամեն ինչ են հասցնում։ Երեխաները լավ են սովորում։ Տան կահույքն ու պատերը միայն տղաների պատվոգրերը, մեդալներն ու մրցանակները տեղավորելու համար են։ 14-ամյա Սարիբեկի անունն անգամ «Գինեսի ռեկորդների» գրքում է գրված։ Դեռ 5 տարեկանում հազարավոր անգամներ կքանստել է, իրենից 1000 անգամ ծանր ավտոմեքենա քաշել բերանով, հետո էլ ինքն իր սահմանած ռեկորդը գերազանցել։
Մեծ ընտանիքում դեռ միայն նորածին Նոյն ու երկու տարեկան Դավիթն իրենց անելիքը չունեն։ Մյուսները տան գործերից մինչև բիզնես պարտականություններ են կրում իրենց ուսերին։ Վանաձորում արդեն հայտնի է սառը սուրճի և կոճապղպեղով ու կիտրոնով թրմած թեյի «Մոսինյան» ապրանքանիշը։ Անգամ տվյալներ ունեն, թե այս բաղադրատոմսով իրենց արտադրանքը Հայաստանում միակն է, մրցակից չունեն։
«Դե որ ներդրումը կարողանանք շատ անենք, հաստատ ավելի շատ տարածքներ կարանք մտնենք, Հայաստանի Հանրապետության շուկան ազատ է, մեր գործն արդար է: Էս պահին ինչ անում ենք մեր հնարավորությունների սահմանում էրեխեքի հետ, կնոջս հետ», - ասաց Մոսինյանը:
Բայց արդեն մի քանի օր ապրանքը տան համար է, շուկա չեն հանում։ Մրցույթի են մասնակցել, կառավարությունից 1,5 միլիոնի դրամաշնորհ շահել ընտանեկան բիզնեսը զարգացնելու համար. «5 մարզից 300 հաղթողներից մեկը ես եմ»:
Բայց գումարն իրենց չի հասնում. բանկերում տարիներ առաջ ունեցած պարտքի պատճառով նվիրատու կառավարությունը հրաժարվում է փողը փոխանցել, թե՝ սև ցուցակում ենք, բանկը կտանի։ Հիմա կանգնել են լուրջ խնդրի առաջ՝ բավականին բարձր գնով ձեռքբերած հաստոցը ստիպված են ժամանակավորապես կանգնեցնել։
Այն, որ 5000 մասնակցի մեջ փոքրաթիվ հաղթողներից մեկն են, չի օգնում։ Իրենց հասցեագրված գումարն այդպես էլ տեղ չի հասնի։ Պետք է բանկի մեկ միլիոն պարտքը մարեն, մեկուկես միլիոնի դրամաշնորհն ստանալու համար։
«Հատուկ պետք է լինի քո անվամբ հաշվեհամար, հիմա ես էլ էդ տարբերակը չունեմ, բավականին գումար կա մեր վրա շատ շուտվանից, որովհետև մենք էլ կյանքի փուլեր ենք անցել, կյանքի պրոցեսներում լավ օր ենք ունեցել, վատ օր ենք ունեցել, մի խոսքով, էս պահին ունենք էն, ինչ ունենք», - ասաց Մոսինյանը:
Դեռ միայն թղթի վրա կառավարության բարեհաճությանն արժանացած Արենը շեշտում է՝ սոցիալական այս հրաշալի ծրագիրը հենց նպաստառուների համար է։ Համոզված է, սակայն, որ շահառու ընտանիքների մեծ մասը բանկերի սև ցուցակներում են։ Թե ինչո՞ւ նվիրատուները ծրագիրն սկսելիս սա հաշվի չեն առել, պատասխան չունի։
«Շատ բան չեմ ասում, եթե մեր գումարը մեզ հասնի, մեր բիզնեսը մենք կարանք հանգիստ շարունակենք», - ընդգծեց նա:
Դժվարություններից խոսում, բայց չեն հիասթափվում։ 7 զավակ ունեցողը չի հուսալքվի, կեսկատակ, կեսլուրջ ասում է Արենն ու նշում՝ երկու տարի առաջ համայնքը ավագանու որոշմամբ տուն կառուցելու համար հող է նվիրաբերել։ Աշխատում են ու երազանք ունեն իրենց տունն իրենց ձեռքերով կառուցել։ 10-ամյա Վաչեն էլ որոշել է՝ շինարար է դառնալու։