Ավտոբուս-փեթակ. փոքրաշենցի Համլետ Նահապետյանը իր երկարամյա հոբբին վերածել է ընտանեկան բիզնեսի

Ավտոբուս, որից ոչ թե շարժիչի ձայն է գալիս, այլ մեղվի բզզոց. փոքրաշենցի Համլետ Նահապետյանը հենց այստեղ է իր երկարամյա հոբբին վերածել ընտանեկան բիզնեսի։ Նույնիսկ հարմարություն է ստեղծել, որ ցանկացողները տեսնեն մեղրի պատրաստման ընթացքը։

«6-7 տարեկանից էլ սեր ունեցել եմ, մեր գյուղում մեղվապահներ եղել են, գնացել եմ իրանց մոտ՝ հարցեր տալու, չեն պատասխանել, ես հեռվից հեռադիտակով նայել եմ իրանց գործունեությունը: Գործը հեշտ չի, բայց հաճելի է հաստատ ինձ համար: Եթե հոբբի ունես, հաճույքով կանես այդ գործը, մեկտեղ էլ ընտանեկան բիզնես է», - նշեց Նահապետյանը:

40-ամյա Համլետը այս գործով արդեն 20 տարի է զբաղվում։ Այս տարվա արդյունքից շատ գոհ է. Ավտոբուս-փեթակը ուզում է նույնիսկ տուրիստական դարձնել. «Ուզում եմ ընդլայնել, դարձնել 200 հատ, աշխատատեղ ստեղծենք, նաև ավտոբուսի մեջ կուզեմ տուրիստական ի բան շինենք՝ հանգստի գոտի, որ տուրիստական գործակալության հետ կապ ունենանք, gան հանգստանան, գնան: Շարժական ավտոբուս է, կարող է հյուրատուն լինի, տանենք ընդեղ կանգնացնենք տուրիստների համար»:

Անարատ մեղրի մի գաղտնիք է բացում. «Ստանում է ռամկայի ֆորման, էս նշանակում է՝ մեղրը մաքուր է»:

Թեև փոքրիկ գաղտնիքը բացում է, բայց ասում է՝ ոչ մեկը չի կարող ասել մեղրը մաքուր է, թե չէ։ Դա միայն մեղվապահը գիտի։ Եթե շաքարավազ տաս, ուրեմն մեղվի չարչարանքը չես գնահատում։

«Եթե մեղվապահ է, մեղուների տաժանակիր աշխատանքը պղծում է, հաստատ էդ մարդուն մեղվապահ չի կարելի կոչել», - ասաց Համլետը:

Նահապետյանների ընտանիքում բոլորը հստակ գիտեն՝ մեղրը քամելու ժամանակ ով ինչ պարտականություն ունի: Համլետի գործը շարունակում է կրտսեր որդին՝ 11-ամյա Արմանը։ Տղան մի փոքր փեթակ ունի, որին միայն ինքն է հետևում։