Սանկտ Պետերբուրգում ավանդական ամանորյա և սուրբծննդյան տոնակատարություններ այս տարի չեն լինի:
Քաղաքային իշխանությունները չեղարկել են ձմեռային միջոցառումները և խնայված գումարը կտրամադրեն կամավորներին և զորակոչիկներին օգնելուն, հայտնել է Ռուսաստանի «Հյուսիսային մայրաքաղաքի» իշխանությունը:
«Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշել ենք չեղարկել Ամանորյա տոնական միջոցառումները, դրանց համար նախատեսված գումարով լրացուցիչ սարքավորումներ և հանդերձանք կգնենք կամավորների և զորակոչվածների համար», - ասվում է քաղաքային կառավարության հրապարակած հաղորդագրությունում:
Այդպիսով, չեղարկվում են համերգը Պալատական հրապարակում և Նևսկի պողոտայում, ավանդական հրավառությունը, «Սուրբծննդյան աստղ» փառատոնը և բարեգործական ընդունելությունը Տավրիկյան պալատում: Սակայն ամանորյա մանկական միջոցառումները տեղի կունենան:
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգից զորակոչվածները որպես միանվագ օգնություն կստանան 100 հազար ռուբլի, իսկ կամավորները՝ 300 հազար ռուբլի: