Հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի, երեկ Պրահայում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո։ Պատասխանելով «Ազատության» հայկական ծառայության հարցին, թե ի՞նչն է հիմա խանգարում սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Ռեջեփ Էրդողանն արձագանքեց՝ սպասում են, մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները կգան հասունության որոշակի աստիճանի։
«Մեր հատուկ ներկայացուցիչները աշխատում են, ներգրավված են նաև արտգործնախարարները։ Նրանց աշխատանքներն ամփոփելուն պես կտեսնենք՝ ինչ կարող ենք անել: Հույս ունենք, որ հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս շուտ բավականաչափ կջերմանան, ու խնդիրները կլուծվեն», - ասաց նա:
«Մենք չունենք նախապայմաններ», - պնդեց Էրդողանը, միաժամանակ մի քանի անգամ ընդգծեց՝ սպասում են, մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն. «Մենք միայն ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կհասնեն: Հենց երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որևէ խնդիր չի լինի, և մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները և օդային փոխադրումները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել են Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումները Էրդողանի ու Ալիևի հետԵրեկ Պրահայում կայացած հանդիպումն առաջինն էր Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների միջև անցած 13 տարում․ վերջին անգամ Աբդուլա Գյուլն ու Սերժ Սարգսյանն էին հանդիպել, որոնց սկսած ֆուտբոլային դիվանագիտությունը, սակայն, ի վերջո տապալվեց։
Փաշինյանն ու Էրդողանն, իրենց հերթին, կարգավորման գործընթաց սկսեցին 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այժմ, սակայն, ամենամեծ ձեռքբերումը եղել է օդային հաղորդակցության վերականգնումը, և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև, սակայն այդ համաձայնությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հանձնարարեց կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ՝ Վիեննայի պայմանավորվածությունը կյանքի կոչելու համարՀայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ սեպտեմբերի 14-ին պետք է այս հարցով հանդիպում կայանար, որը, սակայն, թուրքական կողմը որոշել էր չեղարկել․ դրա նախօրեին Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա՝ օկուպացնելով որոշ տարածքներ։ Երեկ Էրդողանի հետ հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ կողմերը նաև այս հարցն են քննարկել։
«Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը», - հաղորդել է վարչապետի գրասենյակը առանց հավելյալ մանրամասների ու ժամկետների: Առայժմ հայտնի չէ նաև՝ երբ է կայանալու հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը և որտեղ։
Երեկ Թուրքիայի նախագահի հետ Պրահա էին ժամանել նաև տասնյակ լրագրողներ:
«Մեզ համար կարևոր է հետևել Փաշինյան-Էրդողան բանակցություններին», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Թուրքիայի Հանրային հեռատատեսության գլխավոր մեկնաբան Յուսուֆ Յերիմը. «Թուրքական կողմում շատերն են հասկանում, որ տարածաշրջանում շատ խոչընդոտներ կան, և եթե դրանք վերացվեն, բարգավաճման մեծ ներուժ կա Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի միջև՝ մինչև Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Որովհետև հիմա մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ հաղորդակցության նոր ուղիներ են գործարկվում, նոր էներգետիկ խողովակաշարեր են կառուցվում։ Ենթակառուցվածքներում կատարված այս ներդրումները ստեղծելու են առևտրային, էներգետիկ ճանապարհներ հաջորդ դարաշրջանի համար։ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը չեն ուզում դուրս մնալ այդ խոշոր ծրագրերից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կաԻ դեպ, երեկվա հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը հաղորդեց, թե կողմերը քննարկել են կարգավորման ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Թուրքիայի նախագաը ասուլիսում հայտնեց՝ որոշ պահանջներ են ներկայացվել հատուկ նեկայացուցիչներին, և արտգործնախարարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ։ Թե ինչ պահանջների մասին է խոսքը, ինչ քայլեր կարող են ձեռնարկվել և երբ՝ կողմերից որևէ մեկը դեռ չի հայտնել։