Ստրեմոուսով. «Այս վիճակին հասցրած պաշտպանության նախարարը՝ որպես սպա, պետք է անձնասպան լիներ»

Խերսոնի շրջանի Մոսկվայի կողմից նշանակված վարչակազմի ղեկավար Կիրիլ Ստրեմոուսով, արխիվ

Խերսոնի շրջանում Մոսկվայի կողմից նշանակված վարչակազմի ղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը չափազանց սուր քննադատության է ենթարկել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» ղեկավարող գեներալներին:

«Այսօր շրջանառվում են շատ ասեկոսեներ, կան սկանդալներ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բազում սխալների շուրջ: Բայց նրանք հեռու են այստեղից, չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում այստեղ՝ գետնի վրա», - ասել է Ստրեմոուսովը:

Նա ավելացրել է, թե «ոմանք ասում են, որ այս վիճակի հասցրած պաշտպանության նախարարը՝ որպես սպա, պետք է անձնասպան լիներ, բայց հիմա Ռուսաստանում շատերի համար «սպա» բառն անհասկանալի է»:

Ստրեմոուսովն անվանապես չի նշել Սերգեյ Շոյգուին: Նա հայտարարել է նաև, թե նախարարությունում ոչ միայն «անտաղանդ ու անպիտան, թալանչի նախարարներ և գեներալներ են, այլև իսկական հերոսներ»:

Ստրեմոուսովը հավաստիացրել է, որ ռուսները չեն հեռանա Խերսոնից, և բանակի նահանջն անվանել է «վերախմբավորում, որի նպատակն է փրկել զինվորների կյանքերը»:

Կրեմլը դեռ չի արձագանքել պաշտպանության նախարարությանը և գլխավոր շտաբին հասցեագրված քննադատությանը:

Վերջին օրերին բանակի գործողությունները խստորեն քննադատել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ զինակիցը համարվող Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: