Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Ռուսաստանի նախագահին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ։

Անվիճելի համարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Պուտինի ջանքերը՝ Փաշինյանն իր ուղերձում մասնավորապես շեշտել է՝ ակնկալում է «կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների և պետությունների»:

Հայաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ։

«Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով», հր հերթին ասել է Վահագն Խաչատուրյանը՝ շեշտելով, որ Հայաստանում բարձր են գնահատում երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, «որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար»։

«Ակնկալում եմ, որ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման», - իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահը:

Նշելով, որ Ռուսաստանի նախագահի հոբելյանը համընկնում է ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի հետ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել էր, որ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան 70-ամյակը կնշի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այդ ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված է այսօր՝ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում:

ԱՊՀ-ին անդամակցում են 9 պետություններ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն իր 70-ամյա հոբելյանը կտոնի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ