Հայաստանի և Ուկրաինայի ճակատագրերը նույնն են ըստ էության. Տիգրան Պասկևիչյան

«Առաջին օրերը վախենալու էին ... Մայդանից մարդիկ էին գալիս...Պարկեշտ մարդկանց վրայից ծխի, արցունքաբեր գազի հոտ էր գալիս...բավականին վախենալու էր», - նկարիչ Մատվեյ Վասբերգի պատմությունով է սկսվում Տիգրան Պասկևիչյանի «Մայդան. Անվերադարձ ճանապարհ» ֆիլմը Ուկրաինայի մասին։

Վերջին նկարահանումները Կիևում, Լվովում, Խարկովում և Դոնբասի սահմանամերձ գոտում արվել են երկու տարի առաջ, երբ առաջին պատերազմի՝ Ղրիմի բռնակցման վերքերը դեռ չէին բուժվել, իսկ նոր պատերազմի վտանգը կանխատեսում էին ֆիլմի նկարահանումներին մասնակցած փորձագետներից շատերը։

«Կարծես տարիներ շարունակ մենք հանդուժում ենք ամենաթողությունը, ոչնչի ունակ չենք..և հակարծ հանրությունն արթնանում է, և հանկարծ մարդիկ ոտքի են կանգնում», - ասում է Վասբերգը։

«Դա սովի պայքար չէր, սա իրավունքի, երկրի ապագայի պայքար էր», - հավելում է մի կին։

«Երբ որ սկսվեց պատերազմը, ես բոլորին գրեցի, իմ աջակցությունը հայտնեցի։ Շատերը կան, որոնք ուրիշ գործի էին, բայց էսօր համազգեստ են հագել, զենք են վերցրել, գնացել են կռվելու», - ասում է Պասկևիչյանը։

Ֆիլմի հերոսները՝ նկարիչներ, կամավորականներ, այլախոհներ, գրողներ, լրագրողներ, զինվորականներ, քաղաքական գործիչներ, մատուցողներ, բարմեններ... տարբեր ոլորտների մարդիկ են, բայց մի բառով «դոնկիխոտներ», որոնք, ինչպես հերոսներից հենց մեկն է ասում՝ ազնվական պայքարի են դուրս եկել....

Ժապավենը սկսվում է անկախության համար պայքարից. 90-ականների սկիզբ, Խորհրդային Միության փլուզում, նարնջագույն հեղափոխություն, քաղաքական անորոշություն ու արդեն 2013-ին՝ Մայդան, մեկ տարի անց՝ պատերազմ, զոհեր։

Հիշում են Մայդանի առաջին զոհին՝ ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանն էր. - «Կա ի վերջո, արդարություն հասկացությունը։ Եթե մարդը զգում է, որ անարդար է, որ երկրի վրա վարձակվել են, ի՞նչ կարևոր է նրա ազգությունը։ Այստեղ մեր առաջին զոհն է՝ Սերգեյ Նիգոյանը, նրա մահը շոկ էր մեզ համար։ Մենք հավատում էինք, որ այս պայքարն առանց զոհերի կլինի, ամեն ինչ խաղաղ կավարտվի։ Առաջին մահը վախենալու էր»։

«Ինչո՞ւ գողացաք իմ Ղրիմը, ինչո՞ւ մտաք իմ Դոնբասը, ինչո՞ւ եք սպանում մեր տղաներին», - ասում է ֆիլմի հերոսներից մեկը։

«Ամբողջ էդ ընթացում, երբ որ մենք էնտեղ աշխատում էինք, շփվում էինք մարդկանց հետ, ոնց որ մի թելի նման էդ միտքը անցնում էր՝ խաղաղ լուծում, այնուամենայնիվ, հնարավոր չի», - նշում է Տիգրան Պասկևիչյանը։

Նա ֆիմը սկսել է նկարահանել նախքան արցախյան երկրորդ պատերազմը և հենց Ուկրաինայի պատերազմի միջոցով նաև փորձել ցույց տալ, թե ինչպես են պայքարում հետխորհրդային երկրները իրենց անկախության, իրավունքների համա. - «Մեր ճակատագրերը նույնն են ըստ էության։ Էս ֆիլմը անելուց մոտավորապես մի քանի ամսի հետո ես մի ֆիլմ էլ արեցի Հայաստանի անկախության մասին, որը կոչվում է «Անկախության մեր ճանապարհը»։

«Ազատության» դիտարկմանը, թե մենք այսօր խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բայց ձեր ֆիլմի հերոսները, ուկրաինացիները չեն տեսնում դա, Տիգրան Պասկևիչյանն արձագանքեց. - «Ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է խոսք լինել, երբ հարձակվում են քեզ վրա»։