Արդեն նախկին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցն այսօր ընտրվեցին (67 կողմ, զրո դեմ ձայներով) Բարձրագույն դատական խորհրդի անդամներ: Նրանց առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:
Անդրեասյանի ու Թումանյանցի կառավարությունում իրենց պաշտոններից ազատվելու որոշումները ստորագրվել են միայն երեկ։ Երկուսն էլ խոստանում են ԲԴԽ-ում աշխատել անկախ և նվիրումով։
«Իսկապես մարդիկ ձանձրացել են, հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարաններն այլևս չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ, և դրա համար ավելերոդ բառեր չասելու փոխարեն ուզում եմ միայն խոստանալ ձեզ բոլորիդ, որ եթե լինի վստահության քվե, ես կլինեմ ԲԴԽ-ի այն անդամներից մեկը, որ կգործեմ արդար», - հայտարարեց Անդրեասյանը:
Ի տարբերություն փոխնախարար Թումանյանցի՝ Կարեն Անդրեասյանը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, որից հրաժարվել է սեպտեմբերի 20-ին, քանի որ ԲԴԽ-ն անկախ մարմին է, որի անդամները պետք է լինեն անկուսակցական։
«Այո, կարող եմ անցնել ճանապարհ, բայց իմ սկզբունքներից չեմ շեղվում, իսկ իմ առաջին սկզբունքը հետևյալն է, որ եթե Սահմանադրությունն ու օրենքը քեզ ասում են՝ չպիտի լինես կուսակցական, ես անկեղծորեն չեմ լինելու և չեմ կուսակցական այն օրվանից, որ վայր եմ դրել իմ լիազորությունները», - ասաց նա:
2018 թվականին՝ հեղափոխությունից առաջ, կուսակցական հանրապետական տոմսը մի կողմ էր դրել, Ազգային ժողովը լքել ու Հանրապետականի կողմից Սահմանադրական դատարանի անդամ ընտրվել նաև Հրայր Թողմասյանը։ Նախկին ՀՀԿ-ականի ՍԴ անդամ դառնալը ընդդիմադիրներն այն ժամանակ խիստ քննադատեցին։ Կարեն Անդրեասյանի կարծիքով, սակայն, այս պարագայում զուգահեռ անցկացնելը տեղին չէ։
«Չեմ ուզենա անալոգիաներ անցկացնել իմ կամ որևէ մեկի միջև, նույնիսկ եթե իրավիճակային նմանություններ կան, որովհետև այո, դուք ճիշտ եք, ժամանակին նաև եղել են դեպքեր, որ մարդը կուսակցական տոմսը վայր է դրել, բայց ավելի կուսակցականացված է եղել և ավելի շատ է ծառայել թիմին, քան իր սահմանադրական դերերին», - ասաց նա:
Այսօր Ազգային ժողովի կողմից իշխող ուժի նախկին անդամին ԲԴԽ անդամ ընտրելու ու 4 տարի առաջ Թովասյանին ՍԴ անդամ ընտրելու զուգահեռները բարկացրին ԱԺ նախագահին. «Դուք էդ նույն համեմատականն անցկացնել, հա՞, այսինքն, էն մարդը, որը գրել է Սահմանադրություն, որով Սերժ Սարգսյանին հնարավորություն է տվել երրորդ անգամ դառնալ երկրի ղեկավար և ծառայել... կարելի է՞ համեմատել, օրինակ, Կարեն Անդրեասյանի հետ, որը որ Մարդու իրավունքների պաշտպան է եղել, և այս դահլիճից սկսած, իր գրասենյակից վերջացրած իր նկատմամբ հետապնդումներ են եղել»:
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի համար մինչդեռ համեմատությունը ակտուալ է, ավելին, պատգամավոր Աննա Գրիգորյանը դատապարտում է իշխող ուժի այս ընտրությունը. «Այս մարդիկ տարիներ շարունակ խոսում էին անաչառ ընտրություններից, արդար դատական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունից և միայն կուսակցականացնում են ամեն բան և Բարձրագույն դատական խորհուրդն այս դեպքում, այսինքն, գալու է և ավելի վատ ազդեցություն է ունենալու, քան Գագիկ Ջհանգիրյանն է ունեցել»:
Ընդդիմադիրները հիշեցնում են նաև, որ դեռ 1 տարի առաջ Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում փակցված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ինչի համար նա արժանացավ և ընդդիմության, և քաղհասարակության քննադատությանը։ Արդյո՞ք դատավորների անկախությունը երաշխավորող այս մարմնում էլ է փակցնելու Փաշինյանի լուսանկարը, լրագրողները հետաքրքրվեցին Անդրեասյանից։
«Գործադիր մարմնում այդ քայլը որպես խորհրդանիշ պետության ղեկավարի նկարը ունենալն աշխատասենյակում եղել է սիմվոլների տրամաբանության մեջ, իմիջիայլոց հիմա նոր խորհրդանիշներ են լինելու, եթե ես ընտրվեմ, հիմա խորհրդանիշն է գերբը, դրոշը, ինչպես բոլոր պետական մարմիններում, բայց նաև օրինակ՝ ֆեմիդայի խորհրդանիշը, այսինքն, արդարադատության խորհրդանիշը: Խորհրդանիշ է մուրճը, որը ցուցադրում է քո …», - արձագանքեց նա:
Նախկին նախարարը վստահեցրեց, որ ընտրվելու պահից սկսած այլևս որևէ ձևով պարտական չի լինելու «Քաղաքացիական պայմանագրին» ու գործելու է անկախ, ինչպես պահանջում է օրենքը։ Իսկ նախկին կուսակիցները չեն՞ փորձելու ազդել ԲԴԽ նոր անդամ Անդրեասյանի որոշումների վրա։
«Եթե ես ընտրվեմ, իմ պաշտոնավարման ժամկետը 5 տարի է, հաստատ ավելի երկար է, քան հենց այս կոնկրետ գործող խորհրդարանական ֆրակցիայինը կամ կառավարությանը: Դրա համար ես ասում եմ՝ եթե նույնիսկ իշխանություն փոխվի, նույնիսկ եթե որևէ իշխանություն ուզենա ազդեցություններ ունենալ ինձ վրա նման դեպքում, ինչպես ժամանակին իմ ինքնավար պաշտոնի դեպքում չեն կարողացել, որևէ իշխանություն չի կարողանա ազդել ինձ վրա, և ես դա ասում եմ, որ ոչ թե ձեզ համոզեմ կամ ապացուցեմ, ես դա ասում եմ, որովհետև դա այդպես է», - պատասխանեց նա:
Հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությանը հաջորդած հրաժարականից հետո թափուր է դատական խորհրդի նախագահի աթոռը, Կարեն Անդրեասյանն ասաց, որ հավակնում է այդ պաշտոնին: