Վերջին երեք տասնամյակում բանակցված ցանկացած փաթեթ շատ ավելի լավը կլիներ կյանքի կոչվելու դեպքում, քան այն, ինչ կա այսօր. այսպես են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքից արձագանքում վարչապետի երեկվա հայտարարություներին:
Նիկոլ Փաշինյանը երեկ պնդել էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն են իրենց որոշումներով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ նախ Ղարաբաղը դուրս թողնելով բանակցային գործընթացից, և ապա 1999 թվականին վավերացնելով ԵԱՀԿ ստամբուլյան անվտագության խարտիան և նաև ընդունելով Մադրիդյան սկզբունքները: Իսկ Սերժ Սարգսյանը դրանք ընդունել է որպես իշխանությունը ստաձնելու նախապայման:
«Ում վրա են ինչ ուզում բարդել»,- երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը դարձյալ կրկնում է իր հին թեզը:
«Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական անգամ խաղարկեց, ժողովրդական խոսքն եմ մեջբերում, «խեղճ հարիֆ Նիկոլն ի՞նչ անի, նախկիններն են մեղավոր» արդեն վաղուց մաշված թեզը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից, ողջախոհ քաղաքացի շատ լավ հասկանում է, որ վերջին 30 տարվա ընթացքում բանակցված ցանկացած բանակցային փաթեթ շատ ավելի լավը կլիներ, եթե կյանքի կոչվեր, քան այն, ինչ այսօր ունենք Նիկոլ Փաշինյանի ապիկարության, անկարողության պատճառով և հետևանքով։ Դուք կհարցնեք, ես վստահ եմ, ստամբուլյան խարտիայի մասով, 1999 թվականի ստամբուլյան փաստաթղթում ուշագրավ է, որ բոլոր դեպքերում՝ բոլոր երկրների դեպքերում, Լեռնային Ղարաբաղից բացի նշվում է երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Շեշտում եմ՝ բոլոր դեպքերում, բացի Լեռնային Ղարաբաղից», - ասաց Խամոյանը։
Ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգյանին, ապա վարչապետն ասել էր. - «Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ երրորդ նախագահի գլխավորած «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցնում է վարչապետի 2020 թվականի Կապանի մամլո ասուլիսը, որտեղ Փաշինյանը մեջբերում էր Սերժ Սարգսյանի ժառանգություն թողած փաստաթղթից:
«Նիկոլ Փաշինյանն անձամբ է ընթերցել Սերժ Սարգսյանի թողած թուղթը, այն թուղթը, որը ենթադրում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում և իրացման երաշխիքների ստեղծում, այն թուղթը, որը ենթադրում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ, այն թուղթը, որը ենթադրում էր Քելբաջարի և Լաչինի շրջանների պահպանում հայկական վերահսկողության ներքո և այդ ամենը 5 վերադարձվելիք շրջանների դիմաց։ Այդքանից հետո ելնել և Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել կեղծիքի, ստի, մանիպուլյացիայի իրեն դեռ հավատացող միամիտ ժողովրդի մի հատվածի ուղեղները լվալու համար՝ հիմնավորելու համար, թե ինչու Արցախը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հանձնվում է Ադրբեջանին, ես որակավորումներ չեմ տա, թող տա մեզ լսող ունկնդիրը։ Եթե Սերժ Սարգսյանի այդ թողած թուղթը կապիտուլյացիա է, ապա Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունն ի՞նչ է», - նշեց Աշոտյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ուժերի դուրսբերում բոլոր շրջաններից, խաղաղապահների տեղակայում, կարգավիճակի մասին ոչ մի խոսք. ինչ է ենթադրում համաձայնագիրը