Վերին Լարսում մնացած մեքենաները տեղափոխվում են տուգանային կայաններ

Վրաստանի հետ սահմանին մնացած մեքենաները Հյուսիսային Օսիայի Պետական երթևեկության անվտանգության տեսչության կողմից տարհանվում են տուգանային կայաններ, հայտնում է Meduza-ն։

Աղբյուրի համաձայն՝ հյուսիսօսական իրավապահները խոստանում են ավտոմեքենաներ վերադարձնել սեփականատերերին՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ առաջարկել էր ՌԴ սահմանին գտնվող քաղաքացիների կողմից լքված մեքենաները փոխանցել բանակ զորակոչվածների ընտանիքներին։

Հյուսիսային Կովկասի մաքսային դեպարտամենտի մամուլի ծառայությունը այսօր տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին մարդատար ավտոմեքենաների խցանում այլևս չկա, ավելի վաղ իրավիճակի կայունացման մասին հայտարարել էին նաև Վրաստանի իշխանությունները։

Սեպտեմբերի 21-ին «մասնակի զորահավաքի» մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունից հետո տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ լքել են երկիրը, ինչը կիլոմետրերով խցանումներ է առաջացրել հարևան պետությունների հետ սահմաններին։

Վրաստանի պաշտոնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 17-29-ը ՌԴ մոտ 100 հազար քաղաքացի է մուտք գործել երկիր։