«Ազատություն». - Ինչպե՞ս եք մեկնաբանում «Հայկական ժամանակ»-ում Ադրբեջանի բանակցային պահանջները հրապարակելը։
Գրիգորյան. - Որևէ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ գրառումը կատարել։ Այդ պահանջները մեծ հաշվով փորձագիտական շրջանակներին հայտնի էին, որևէ նորություն չկար։ Միգուցե նորությունը այն է, որ Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը իրականացնել 19-20 թվականի քարտեզներով։ Բայց հստակ չի, սա վարչապետի ընկալումնե՞րն են, թե՞ իրոք այդպիսի պահանջ կա։ Գիտենք, որ Ալիևը օրեր առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը ունի բոլոր քարտեզները, այդ թվում նաև19-20 թվականի քարտեզները։ Այսինքն՝ սա կարող է ենթադրություն լինել։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես պետք է այդ քարտեզներով իրականացվի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։ Ընդհանուր առմամբ շատ անլուրջ գործելաոճ եմ համարում սա ոչ միայն Ադրբեջանի պարագայում, այլ նաև Ռուսաստանի պարագայում։ Հիմա պատկերացրեք, օրինակ, միջազգային գործընկերները ինչպիսի վերաբերմունք պետք է ունենան այդպիսի գործելաոճին։ Ու խոսքը ոչ միայն Ռուսաստանի կամ Ադրբեջանի մասին է, բայց որևէ միջազգային խաղացող, որևէ լուրջ երկիր, որը բանակցություններ է վարում Հայաստանի հետ, կանգնած է այս վտանգի առաջ, որ կարող է վարչապետի ընտանիքին պատկանող այդ թերթում նմանատիպ հրապարակում լինի, և բանակցային ողջ բովանդակությունը հրապարակվի։ Սա անլուրջ է։
«Ազատություն». - Գուցե արվում է, որ ցույց տրվի, թե ինչքան անիրատեսական է և չի ստորագրվելու դա...
Գրիգորյան. - Կամ էլ հակառակը։ Աղետ է սպասվում, եթե այս պայմանները չկատարենք, պատերազմ է լինելու, ինչը մեծ հաշվով մոտ է իրականությանը։
«Ազատություն». - Երբ ասում եք այդտեղ նորություն չկա, դա ընկալում եք որպես Ադրբեջանի մաքսիմալ ծրագի՞ր, որը գուցե բանակցությունների ընթացքում կսեղմվի, կփոքրանա, թե՞ հակառակը, որ հենց միայն վերջին կարմիր գիծն է դա Բաքվի։
Գրիգորյան. - Չէ, չեմ կարծում, թե այս դիրքորոշումը կարող է մեղմացվել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը հստակ դիրքորոշումներ ունի բոլոր գործընթացների վերաբերյալ, և այս երկու տարվա ընթացքում մի սանտիմետր նույնիսկ հետքայլ չի կատարել այս դիրքորոշումներից՝ ի տարբերություն Հայաստանի։ Ես չեմ ակնկալում, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ կոնստրուկտիվ մոտեցում ցուցաբերի ու ինչ-որ հարցում, օրինակ, բանակցային ճանապարհով քիչ թե շատ Հայաստանի համար [ընդունելի] լուծումներ առաջարկի։ Այդ առում կարծում եմ, այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձելու է էդ մաքսիմալիստական ճանապարհով գնալ, որովհետև Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանի վրա ուժային ճնշման այս քաղաքականությունը չափազանց արդյունավետ է, որ միջազգային որոշակի քննադատություն կա, բայց լուրջ ճնշում չկա Ադրբեջանի նկատմամբ։ Եվ եթե կա հնարավորությունների այսպիսի պատուհան, ինչու չփորձել ստանալ առավելագույնը։
«Ազատություն». - Եթե ոչ՝ նորից պատերազմի կգնա...
Գրիգորյան. - Այս պահին կարծես թե այդպիսին է իրավիճակը, որ Ադրբեջանը հստակ վերջնագրեր է դրել Հայաստանի առաջ տարբեր գործընթացներում։ Եթե համաձայնության չգան, կարող է նոր էսկալացիա լինել, միգուցե նաև պատերազմ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.