Գերմանիան և Նիդերլանդները կշարունակեն աջակցել Ուկրաինային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հայտարարել է, որ «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի են»։

«Ֆիկտիվ հանրաքվեները և Ուկրաինայի մի մասի բռնակցման ռուսական նախաձեռնությունը խախտում են միջազգային իրավունքը և արժեք չունեն։ Դրանք մեզ համար ոչ մի իրավական ուժ չունեն», - ասել է նա Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Շոլցը նշել է, որ Գերմանիան և Նիդերլանդները կշարունակեն աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիային հակազդելու հարցում։ Նրա խոսքով՝ երկու երկրները պատրաստում են ականազերծման ուկրաինացի մասնագետների և կշարունակեն սերտ համագործակցությունը Կիևին զենք մատակարարելու հարցում, ինչպես արդեն արվել է հաուբիցների դեպքում։