Թուրքական մերձիշխանական «Սաբահ» պարբերականը գրում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Սաբահ»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին ուղերձներ է փոխանցելու, մասնավորապես այն մասին, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, ոչ թե երրորդ երկրներում:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշելու է, որ տարածաշրջանում լարվածության թուլացման համար Հայաստանը «պետք է զերծ մնա սադրանքներից, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի», գրում է պարբերականը:
Հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հայտարարել Փաշինյան-Էրդողան առաջիկա հանդիպման մասին: Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունը, ապա նաև վարչապետը հայտնել էին, որ նման հանդիպում հավանական է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պրահայում Փաշինյան - Էրդողան հանդիպում Երևանը չի բացառում