Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին կոչ է արել անվտանգության իրավիճակի հավանական վատթարացման և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիներին սպառնացող հանգամանքների բերումով անհապաղ հեռանալ Դաշնությունից:
Չեխիայի այն քաղաքացիներին, ովքեր կորոշեն մնալ Ռուսաստանում, արտաքին գերատեսչությունը հորդորում է առավել զգոն լինել, տեղեկությունները ստանալ ստուգված լրատվամիջոցներից և կազմել արտակարգ իրավիճակում Ռուսաստանից հեռանալու ծրագիր:
Նախարարությունը նաև զգուշացնում է, որ երկքաղաքացիություն ունեցող Չեխիայի քաղաքացիներին ռուսական իշխանությունները կարող են զորակոչել, քանի որ առաջնայինը կհամարվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը:
Գերատեսչությունը նշել է, որ զորակոչի ենթարկվելու դեպքում Մոսկվայում Չեխիայի դեսպանությունը չի կարողանա լիարժեք պաշտպանություն տալ այդ քաղաքացուն: