Ռուսաստանը կշարունակի խորհրդակցությունները Զապորոժիեի և Խերսոնի բնակիչների հետ Դաշնության մաս կազմած այդ երկու շրջանների սահմանների հստակեցման շուրջ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Չեմ կարող այդ հարցին հենց հիմա պատասխանել, բայց ակնհայտ է, որ որոշումը կապված կլինի բացառապես այդ շրջաններում բնակվող մարդկանց ցանկության հետ»,- ասել է խոսնակը:
Նա ավելացրել է, թե ոչ իրավաբանական լեզվով կարելի է ասել, որ Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունների» սահմանները հայտնի են 2014 թվականից, իսկ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների սահմանները պետք է հստակեցվեն:
Նա նշել է նաև, թե այդ նոր տարածքներում ներքին սահմանների հստակեցման հարցով հանրաքվեներ նախատեսված չեն:
Ուկրաինայի այդ չորս շրջանները սեպտեմբերի 30-ին Կրեմլում հանդիսավոր արարողությամբ՝ կեղծ հանրաքվեների արդյունքներով, հռչակվել են Ռուսաստանի Դաշնության մաս:
Կիևը և Արևմուտքը հայտարարել են, որ ոչ մի պարագայում չեն ճանաչի ապօրինի հանրաքվեների արդյունքները: