Արարատ Միրզոյանը և Լիվիա Լոյը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում այսօր հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ:

Արարատ Միրզոյանը և Լիվիա Լոյը խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին: Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը հյուրընկալելու համար և ներկայացրել տեղի ունեցած քննարկումները:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը:

Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Շվեյցարիայի երկկողմ ու բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով, հայտնում են ԱԳՆ-ից: