Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը խստորեն դատապարտել և սադրանք է անվանել վերջին շրջանում Հյուսիսային Կորեայի անցկացրած հրթիռների փորձարկումները: Նա հայտարարել է, որ Հարավային Կորեան ավելի ծավալուն զորավարժություններ պետք է անցկացնի Միացյալ Նահանգների հետ:
«Ի պատասխան Հյուսիսային Կորեայի սադրանքներին, մեր կառավարությունը որոշել է զարգացնել ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ և ընդարձակել համատեղ զորավարժությունները և ցույց տալ, թե ինչ է դաշինքը գործողության մեջ»,- հայտարարել է Յուն Սոկ Յոլը:
Այդ մեկնաբանություններով նա հանդես է եկել հեռուստատեսությամբ հեռարձակված հարավկորեական նոր ռազմակայանի բացման հանդիսավոր արարողության ընթացքում:
Այսօր ավելի վաղ Հյուսիսային Կորեան վերստին երկու հրթիռ է փորձարկել: Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան այս օրերին համատեղ ծովային զորավարժություններ են անցկացնում:
ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել միջմայրցամաքային հրթիռներ և միջուկային ռումբեր փորձարկելու համար:
Հարավային Կորեայում ենթադրում են, որ Փհենյանն առաջիկայում կարող է ևս մեկ միջուկային փորձարկում անցկացնել: