Թուրքիան չի ճանաչում Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ

Թուրքիան չի ընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ընդունումը Ռուսաստանի կազմ, ասվում է այդ երկրի արտաքին գերատեսչության այսօրվա հայտարարությունում:

«Թուրքիան չի ճանաչել 2014-ին Ղրիմի ապօրինի բռնակցումը և ամեն առիթով ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը պահպանելու կարևորությունը, ուստի, մենք մերժում ենք այս չորս շրջանները Ռուսաստանին միացնելու որոշումը: Այն հակասում է միջազգային օրենքին և չի կարող ընդունելի լինել: Մենք վերստին ընդգծում ենք արդար խաղաղության սկզբունքով և բանակցային գործընթացով այս հետզհետե ահագնացող պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Անկարան բազմիցս հանդես է եկել միջնորդական նախաձեռնություններով, կազմակերպել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է նաև նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու առաջարկ, որը, սակայն, չի համաձայնեցվել: