«Եթե մարդը 75 հազար դրամ աշխատավարձով ամիսը աշխատում ա, էկեք հասկանանք դա ի՞նչ ա նշանակում։ Դա նշանակում ա, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել։ Ուրիշ ոչ մի բան չի նշանակում»։ Կառավարության նիստում վարչապետի այս արտահայտությունը վիրավորել ու դժգոհություն է առաջացրել պետական կառույցներում, հատկապես կրթության ու մշակույթի ոլորտներում։
«Ազատության» զրուցակիցներից մեկը, որը չհամաձայնեց այս մասին խոսել տեսախցիկի առաջ, ասաց՝ նախարարությունը չնչին ժամավճար է սահմանել իր աշխատանքի դիմաց այն դեպքում, որ երեք բարձրագույն կրթություն է ստացել ու այսօր էլ շարունակում է կրթվել. - «Երեք բարձրագույն կրթություն ունեմ և ես ստանում եմ հավաքարարից ցածր աշխատավարձ։ Որովհետև այդպես է որոշել կառավարությունը. ժամավճարները պետք է լինեն այնքան, որ սովից չմեռնես ուղղակի։ Ու հետո նույն կառավարությունը մեղադրում ա, որ մենք որակյալ կրթություն չենք ստացել»։
Կառավարության նիստում վարչապետը մի քանի անգամ կրկնեց այս միտքը՝ եթե ցածր աշխատավարձ ունես, ուրեմն պատշաճ կրթություն չես ստացել, կամ քո կրթության մակարդակը նույնն է, ինչ 20 տարի առաջ էր։ Առնվազն 20 տարի չես բարձրացրել քո կրթական որակավորումը, ասաց կառավարության ղեկավարը. - «Մարդիկ ասում են՝ էրեխեն բարձրագույն կրթության էրկու դիպլոմով չի կարում աշխատանք գտնի։ Դա միևնույն ա էդ ա նշանակում»։
«Ազատության» անանուն զրուցակիցը հակադարձում է՝ մի քանի անգամ վերապատրաստումներ է անցել՝ սեփական գրպանից վճարելով։ Ընդ որում, քիչ չի վճարել այդ վերապատրաստումների դիմաց, պնդում է կրթության ոլորտի աշխատողն ու հավելում՝ այսօր հնարավոր է ամսական 75 հազար դրամից ավելի վաստակել միաժամանակ մի քանի տեղ աշխատելով միայն. - «Այսինքն՝ մենք չենք կենտրոնանում մի բանի վրա։ Ես չեմ կենտրոնանում, որ ես պիտի ամբողջ օրը դասավանդեմ, գնամ տուն, ստանամ նորմալ աշխատավարձ, զբաղվեմ իմ ընտանիքով, իմ երեխաներով, իմ կյանքով։ Չկա էդպիսի բան։ Ամբողջ օրը մենք աշխատում ենք»։
Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը 5 տարբեր նվագախմբերի, այդ թվում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ազգային օպերային թատրոնի դիրիժոր է։ Միաժամանակ կոնսերվատորիայում ֆակուլտետի դեկան։ Նաև մի քանի երաժշտական դպրոցներում է դասավանդում, որպեսզի քիչ թե շատ նորմալ աշխատավարձ տուն տանի։ Այսօր եկել էր Վանաձոր, որտեղ կամերային նվագախումբը մեծ համերգի էր պատրաստվում։
«Չէի ուզենա բողոքել, բայց ազնիվ ապրելու համար պետք է մարդը ապահովված լինի կենսական զամբյուղով։ Բազմաշերտ իմ աշխատանքը՝ և' դասավանդում, և' համերգային գործունեությունը, և' իմ հյուրախաղերը հնարավորություն են տալիս, որ ես իմ հայրենանվեր գործը անեմ արվեստի ասպարեզում և ապրեմ։ Բայց սովորական երաժիշտը, որը աշխատում է մեկ նվագախմբում, ստիպված է լինում գնալ երաժշտական դպրոցներ, դասավանդել, որ կարողանա ինչ-որ մի կերպ ծայրը ծայրին հասցնել»։
Երեկ կառավարության նիստում Փաշինյանն իր աղմուկ հանած հայտարարությանը նաև հավելել էր, թե բոլոր խնդիրները գալիս են կրթության ցածր որակից։ Քննադատել էր բուհական համակարգն ու նշել, թե բուհում սովորելն ու բարձրագույնի դիպլոմը դեռ կրթություն չեն. - «Մենք ինչի մասին խոսում ենք, մեկ ա կրթությունը անկյունաքարային ա։ Արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, խաղաղության, բանակի... կրթության պրոբլեմները լուծենք, շղթայական կլուծենք մնացած ամեն ինչի պրոբլեմը։ Բուհը էն չի, որտեղ մի հատ դուռ կա, կողմը մեծ ցուցանակ՝ վրեն գրած համալսարան։ Ամեն էդ ցուցանակով տեղը բուհ չի։ Եվ մենք, ցավոք սրտի, տեսնում ենք, որ մեր բուհական համակարգը շատ մեծ քայլերով գնում ա էս տրամաբանության»։
Արդեն չորս տարի Հայաստանը կառավարող վարչապետը արդեն որերորդ անգամ հայտարարում է՝ առաջիկայում բարեփոխելու են կրթության ոլորտը, ավելացնելու են ուսուցիչների աշխատավարձերը, շարունակելու են խրախուսման մեխանիզմները։ Վարչապետը չասաց, սակայն, թե ինչ անեն համայնքային ենթակայության հիմնարկների, օրինակ, գրադարանների, աշխատողները, որոնք ստիպված են առավոտից երեկո լինել աշխատավայրում և ծառայություն մատուցել նվազագույն աշխատավարձով։
Այս ոլորտի մասնագետները ևս դժգոհում, բայց տեսախցիկի առաջ չեն խոսում. - «Բաց չենք խոսում, որովհետև մեզ մոտ չակերտավոր դեմոկրատիա է։ Չակերտավոր՝ բառիս բոլոր դրսևորումներով, բոլոր իմաստներով։ Էդ կիսատ-պռատ կրթության 75 հազարից էլ կարող էինք զրկվել, և որևէ մեկը, վստահ եմ, չի լինի, ով կպաշտպանի աշխատանքից ազատվելուց հետո մեր շահերը»։