Զապորոժիեի մոտ հրթիռակոծվել է քաղաքացիական շարասյունը, հաղորդվում է առնվազն 23 զոհի մասին

Զապորոժիե, 30-ը սեպտեմբերի, 2022թ․

Առնվազն 23 մարդ է զոհվել, շուրջ երեք տասնյակը վիրավորվել այսօր առավոտյան Զապորոժիեի մոտ քաղաքացիական ավտոշարասյունը հրթիռակոծելու հետևանքով։

Զապորոժիեի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը հայտնել է, որ շարասյունը հրթիռակոծել է ռուսական կողմը։ Տելեգրամի իր էջում նա գրել է, որ մարդիկ հերթ էին կանգնել ժամանակավորապես օկուպացված տարածք մտնելու, օգնություն տանելու, իրենց հարազատներին դուրս բերելու համար։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ասել է, որ Զապորոժիեի վրա 13 հրթիռ է արձակվել։

Ռուսական կողմը խաղաղ բնակիչներին հրթիռակոծելու մեջ մեղադրում է Ուկրաինային։ Զապորոժիեի օկուպացված շրջանի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովն ասել է, թե տեսնելով, որ մարդիկ զանգվածաբար գնում են Զապորոժիեի մարզի «ազատագրված շրջանը», նրանք հարվածել են տասնյակ ավտոմեքենաների շարասյանը։