Այսօր ժամը 9-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին:
Նույն օրը երեկոյան ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին