Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր նստավայրում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի աշխատակազմի մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին:
Նախագահը և խորհրդականը քննարկել են երկկողմ կապերին և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ սահմանազատմանը և հաղորդակցության ուղիների բացմանն առնչվող հարցեր:
«Ինտեֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևն ընդգծել է մի շարք մարդասիրական հարցերի լուծման անհրաժեշտությունը: Նա այդ առումով խոսել է հսկողության տակ վերադարձված տարածքների ականազերծման, ինչպես նաև Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անհետ կորած համարվող մոտ 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի մասին:
«Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի համագործակցությունը»,- ասվում է Բաքվից ստացված հաղորդագրությունում:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս տարվա հունիսին Փարիզում հանդիպել է Էմանյուել Մակրոնի դիվանագիտական հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի հետ, վերջինս նաև հունվարին Հայաստան է այցելել Եվրամիության պատվիրակության կազմում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո ԵՄ-ն պատվիրակություն է գործուղել տարածաշրջան