Ռուսաստանը հյուսիսում տեղակայած զինծառայողների 80 տոկոսին փոխադրել է Ուկրաինա

Ռուսաստան, զորահավաք, Սևաստոպոլ, 27 սեպտեմբերի, 2022թ.

Ուկրաինայում մարդուժի և տեխնիկայի մեծ կորուստներից առաջացած պարապը լրացնելու համար Ռուսաստանը Հյուսիսային Եվրոպայում գտնվող ռազմակայանների զինծառայողների մոտ 80 տոկոսին փոխադրել է ռազմաճակատ, հղում անելով արևմտյան վերլուծաբաններին, հայտնում է The Foreign Policy հեղինակավոր ամերիկյան հանդեսը:

Փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմից առաջ Ռուսաստանը Բալթյան երկրների և Ֆինլանդիայի մոտակայքում պահել է մոտ 30 հազար զինծառայող, հիմա նրանց 80 տոկոսն Ուկրաինայում է:

Նախկինում Ռուսաստանի զինուժի ամենախիտ կուտակումներից մեկը ՆԱՏՕ-ի հետ սահմաններին էր, բայց հիմա այնտեղ մնացել են նվազագույն անհրաժեշտ թվով զինծառայողներ:

«Կրճատումը, որի ականատեսն ենք անցած 7 ամիսների ընթացքում, հիրավի շատ մեծ է», - ասել է սկանդինավյան երկրներից մեկը ներկայացնող մի անանուն փորձագետ, ավելացնելով, թե «Ռուսաստանն այստեղ տասնամյակներ շարունակ ուներ ցամաքային հզոր զորամիավորում, որը հիմա գործնականում գրեթե անհետացել է»:

Փորձագետը միաժամանակ նշել է, որ Մոսկվան այս շրջանում տակավին ունի շատ հզոր օդուժի ներկայություն:

Բացի այդ, Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի զինծառայողների թիվը գրեթե չի նվազել: Սակայն Ռուսաստանը ստիպված է հիմա զինտեխնիկա, այդ թվում՝ հրթիռային կայանքներ այդ շրջանից հանել և փոխադրել ուկրաինական ճակատ:

The Foreign Policy հանդեսի հետ զրույցներում եվրոպական և ամերիկյան պաշտպանական կառույցների գործող և պաշտոնաթող աշխատակիցներն, այնուամենայնիվ, նշում են, որ երկարատև կտրվածքով Ռուսաստանը միևնույն է մեծ սպառնալիք է մնում Բալթյան երկրների համար:

Նրանք ենթադրում են, որ անկախ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, Մոսկվան Արևմտյան զինտարածքում վաղ թե ուշ կվերականգնի ռազմական հզորությունը: